Բավ է պառակտվել
24-10-2019 15:30

Արսեն Բաբայանը կալանավորվեց

Դատարանը այսօր բավարարեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող Արսեն Բաբայանը ձերբակալված է հոկտեմբերի 21-ից:
Այս քրեական գործը միացվել է պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված գործին: Պատգամավորը պնդում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը յուրացրել է պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով:
Արսեն Բաբայանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակվել էր 2018-ի մարտի սկզբին, իսկ դրանից առաջ՝ 2014 թվականից զբաղեցնում էր խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնը։

Հատուկ քննչական ծառայությունը մանրամասնում է․ - «Իշխանությունը յուրացնելու առթիվ հարուցված գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պաշտոնատար անձինք ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից իր լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ»:Գագիկ Հարությունյանը, ըստ օրենքի, կարող էր պաշտոնավարել մինչև 2018-ի մարտի 23-ը։ Այդ օրը լրանում էր նրա 70-ամյակը։ Սակայն Հարությունյանը Ազգային Ժողովին հրաժարականի դիմում էր ներկայացրել 70-ամյակը լրանալուց 22 օր առաջ՝ մարտի 1-ին։

Արդեն ավելի ուշ Բաբայանը փաստաբանի միջոցով հայտարարություն տարածեց․ «Սիրելի հարազատներ, ընկերներ և գործընկերներ։ Տեղեկացված եմ բոլորիդ ջանքերի, խոսքերի, ինչպես նաև՝ ինձ աջակցելու մասին։ Անսահման շնորհակալ եմ բոլորիցդ։ Հպարտ եմ, որ թիկունքիս ունեմ այսքան մեծ աջակցություն։ Վստահեցնում եմ, որ չեմ կատարել այնպիս արարք, ինչի համար հնարավոր կլինի ինձ ենթարկել պատասխանատվության՝ օրինական կարգով»։ –ասված էր հայտարության մեջ։

 

Արմինե Գևորգյան