Բավ է պառակտվել
10-04-2020 18:11

Արսեն Թորոսյանն առաջարկում է երկարացնել արտակարգ դրության ժամկետը (Տեսանյութ)

ՀՀ Առողջապահության նախարարությունն առաջարկում է երկարացնել հայտարարված արտակարգ դրության ժամկետը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Առաջարկելու ենք կառավարությանը երկարացնել արտակարգ դրությունը: Կարծում ենք, որ դա կարևոր է կանխարգելման այսօրվա գործողությունների շարունակականությունն ապահովելու տեսակից»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Թորոսյանը նշեց, որ մինչ օրս արվել է շուրջ 6500 թեստ կորոնավիրուսը ախտորոշելու համար։
«Մենք արել ենք ուղիղ այնքան թեստ, որքան ցուցում է եղել։ Մեր կողմից և միջազգային կազմակերպությունների կողմից խորհուրդ տրվող չափանիշներիով ենք առաջնորդվել։ Չափանիշներն այսօրվանից ընդլայնվել են, և մենք ավելի շատ թեստեր կիրականացնենք՝ կապված նաև համաճարակաբանական վիճակով։ Ամենօրյա թեստերի քանակը կավելանա։ Մենք նպատակ ունենք դրանց թիվը հասցնել օրական 1000-ի»,- նշեց Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ վարակների թեստավորումը ամենաբարդ բժշկական հետազոտություններից մեկն է։ Այն բազմափուլ է, բազմամասնակցային և երկարատև։ Միայն հետազոտության փուլը, երբ որ նմուշը մնում է լաբարատորիայում, տևում է հինգ ժամ՝ նշեց նախարարը։ Լաբորատորիան էլ պետք է համապատասխանի բոլոր պայմաններին, որ վիրուսի արտահոսք չլինի հենց լաբորատորիայից բժիշկների միջոցով։
Իսկ վերջին օրերին վարակի նոր դեպքերի հարաբերական անկումը՝ ըստ Թորոսյանի, պայմանավորված է արտակարգ դրության և դրա վերջին երկու շաբաթվա ավելի խիստ սահամանափակումների ռեժիմով։ Սակայն թուլանալ պետք չէ և պետք չէ համարել, որ վարակն անցյալում է։
Նախարարը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ այս գործընթացում ներգրավված է մոտ 1700 բուժաշխատող, որոնք աշխատում են ՀՀ 9 հիմնական բուժհաստատություններում։ «Մենք պետք է հաշվի առնենք նաև շտապ օգնության ծառայությունը, սահմանային անցակետերի մոտ գտնվող բժիշկներին, և կարող ենք ասել, որ մեր բուժաշխատողների թիվը շատ մեծ է»,- ասաց Թորոսյանը։
Անդրադառնալով բուժաշխատողների վարձատրությանը վերջինս նշեց, որ բուժաշխատողները հիմնականում վարձատրվում են պետական բյուջեի միջոցներով և, որոշ չափով, նաև նվիրատվությունների շնորհիվ։
«Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն անձանց, որոնք բուժաշխատողների վարձատրության համար հատուկ նվիրատվություններ են արել, ինչպես նաև՝ ընդհանուր պայքարի համար։
Թորոսյանը անդրադարձավ նաև Մոսկվայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման խնդրին։ Ասաց որ պարետատունն ու ՀՀ արտաքին գործերի նախարարությունը զբաղվում են Մոսկվայից ՀՀ քաղաքացիների զբաղվում են այդ հարցով ու պատշաճ լուծումներ են գտնում։
Հիշեցնենք,որ Ռուսաստանում բնակվող և Հայաստան վերադառնալ ցանկացող հայերը հայտնվել են անելանելի վիճակում։ Մի քանի օր նրանք լուսացրել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, մի մասն էլ՝ ավտոբուսներում։
Նախարարն ասաց, որ վերջին մեկ շաբաթում առնվազն երեք ինքնաթիռ է ժամանել Հայաստան՝ մեկը Բելառուսից, երկուսը՝ Մոսկվայից։
«Ժամանած ուղևորները տեղավորվել են մեկուսացման վայրերում՝ Երևանում և ոչ միայն», - ասաց նա։
Թորոսյանը նշեց, որ հիմա էլ աշխատանքներ են տարվում մյուս չվերթների կազմակերպման ուղղությամբ, ինչի մասին ՀՀ ԱԳՆ-ն կտեղեկացնի։

 

 

Արմինե Գևորգյան