Բավ է պառակտվել
26-04-2022 11:03

«Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում». երիտասարդները ակցիաներ են անցկացնում Երևանի բուհերում

Գործող իշխանությունների դեմ բողոքի ակցիաների շրջանակում Երևանի բուհերում շարունակվում է իրազեկման ակցիան։

«Արցա՛խ, Արցա՛խ, Արցախը երբեք չի՛ եղել և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում»,- վանկարկում են ցուցարարները։

Ապրիլի 17-ից ընդդիմությունը Հայաստանում բողոքի ցույցեր է անցկացնում գործող իշխանությունների քաղաքականության դեմ՝ հայտարարելով, որ այն սպառնում է Հայաստանի և Արցախի պետականությանը և անվտանգությանը։ Ապրիլի 25-ից այն անցել է փողոցային ապակենտրոնացված պայքարի։ Հայաստանի տարբեր մարզերից երթեր են մեկնարկել դեպի Երևան, որտեղ ընդդիմությունը մայիսի 1-ին նախատեսում է մեծ հանրահավաք անցկացնել։ Երկուշաբթի օրը Երևանում իշխանությունների հրաժարականի պահանջով երկու երթ է տեղի ունեցել, որոնցից մեկը կազմակերպել էր «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, մյուսը՝ ՀՅԴ-ն։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին իջեցնել նշաձողը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, հակառակ դեպքում չի կարողանա օգնություն ցուցաբերել հայկական կողմին։ Այս հայտարարությունը լայն արձագանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։