Բավ է պառակտվել
03-11-2021 18:14

Առուշ Առուշանյանը հրաժարվել է պատգամավոր դառնալու հնարավորությունից, գերադասելով շարունակել ծառայել Գորիսին

Կալանավորված Առուշ Առուշանյանը հրաժարվել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից Հայաստանի խորհրդարանի պատգամավորի աթոռը զբաղեցնելու հնարավորությունից։

«Ընդգրկված լինելով «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում` այսօր մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Առուշանյանը բացատրել է, որ այս որոշումը կայացրել է այն պատճառով, որ իրեն չի տեսնում օրենսդիր մարմնում և ցանկանում է շարունակել ծառայել հայրենի Գորիսի բնակիչներին։

«Ուզում եմ ապրել ու արարել իմ հարազատ քաղաքում, ամբողջ ներուժս ներդնել հանուն մեր համայնքի բարգավաճման ու իմ սիրելի գորիսեցիների բարօրության։ Այս փուլում իմ հիմնական առաքելությունը մեր սիրելի Գորիս համայնքի շարունակական զարգացումն ու առաջընթացն ապահովելն է»,- գրել է նա։
Միաժամանակ Առուշանյանը տեղեկացրել է, որ շարունակում է սատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի 9 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Սյունիքի մարզի Գորիս համայնքում «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է ձայների մեծամասնությունը, շրջանցելով իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Այսպիսով, Առուշանյան դաշինքը կարող է ընտրել Գորիսի համայնքի ղեկավարին (քաղաքապետին)։

Ավելի վաղ՝ հուլիսի կեսերին, Առուշանյանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի հինգ հոդվածով (այդ թվում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, ապօրինի ձեռնարկատիրություն, կամայականություն)։ Առուշանյանը և նրա համախոհները պնդում են, որ իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումներ են իրականացվում, քանի որ Գորիսում ուժեղ են ընդդիմադիր տրամադրությունները․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը կոշտ քննադատության է ենթարկվում։