Բավ է պառակտվել
17-01-2015 11:08

2014թ.-ի տարվա մարդը հայ զինվորն է, կառույցը` ՊՆ-ն. Արմեն Աշոտյան

2014թ.-ին տարվա մարդը հայ զինվորն է, իսկ կառույցը` պաշտպանության նախարարությունը, հայոց բանակը: Այս մասին այսօր պաշտպանության նախարարությունում հրավիրված հանրապետության ուսումնական հաստատություններում հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2014թ. կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Շնորհավորում եմ հայոց բանակին անցած տարվա համար եւ օգտվելով առիթից` ուզում եմ հայտնել, որ այս տարի առաջին անգամ հունվարի 28-ին ընդառաջ Հայաստանի բոլոր դպրոցներում միեւնույն օրը, միեւնույն ժամին կազմակերպվելու է միատեսակ միջոցառում` նվիրված Հայոց բանակին»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով` կրթության եւ գիտության նախարարության կողմից իրականացվող քաղաքականության հիմնական բաղադրիչներից է ռազմահայրենասիրական դաստիարակությունը. «Սա ազգային ինքնության պահպանման հայեցակարգի մի մասն է, այդ պատճառով Հայաստանի դպրոցներում կարեւորագույն առարկաներ են դարձել հայոց լեզուն ու գրականություն, հայոց պատմությունը, ՆԶՊ-ն, հայոց եկեղեցու պատմությունը»: