Բավ է պառակտվել
05-08-2021 11:00

Երևանի ավտոբուսների պարկը կհամալարվի ևս 211 ավտոբուսով, կգործարկվի 16-17 նոր երթուղի

Երևանի ավտոբուսների պարկը հոկտեմբերին կհամալրվի ևս 211 ավտոբուսով, և մայրաքաղաքում կգործարկվի 16-17 ավտոբուսային նոր երթուղիներով: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Ավտոբուսները շահագործման կհանձնվեն առաջիկա շաբաթների ընթացքում Երևան հասնելուց հետո: Ըստ ՀՀ իրավական կարգավորման՝ տրանսպորտային պարկի ամեն 8 մեքենայից մեկը պետք է լինի ռեզերվում, այսինքն, 211-ից շուրջ 30-ը կլինի ռեզերվում: Երթուղի դուրս կգա շուրջ 180 ավտոբուս: Հաշվի առնելով այն, որ յուրաքանչյուր երթուղում 8-12 ավտոբուս է լինում, ապա կունենանք մոտ 16-17 նոր ավտոբուսային երթուղի,- նշել է Կարապետյանը:

Նրա խոսքով՝ այս ավտոբուսների շահագործման շնորհիվ ակնկալվում են էական փոփոխությունններ Երևանի տրանսպորտի ոլորտում:

Խոսելով վճարման համակարգի մասին՝ Կարապետյանը շեշտեց, որ ակնկալվում է, որ այդ ժամանակ կլինի արդեն էլեկտրոնային միասնական համակարգ:

«Համակարգը հնարավորություն կտա վճարել առանձին քարտերով, որոնք անհրաժեշտ կլինի ձեռք բերել նախօրոք, կամ բանկային քարտերով: Եվրոպական մի շարք քաղաքներում նմանատիպ համակարգեր են գործում, չկա այնպիսի տարբերակ, որ ուղևորը թղթադրամ կամ մանրադրամ մեկնի վարորդին»,- ասել է քաղաքապետի մամլո խոսնակը:

Անդրադառնալով արդեն իսկ շահագործվող նոր ավտոբուսների վարորդների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու հարցին՝ Կարապետյանը նշեց, որ նման դեպքեր, իհարկե, եղել են:

«Ավտոբուսների վարորդներ կան, որոնք աշխատանքից ազատվել են, կան նաև այնպիսիները, որոնք զգուշացում են ստացել: Պատճառներից մեկն եղել է, օրինակ, ղեկին ծխելը»,- ընդգծել է Կարապետյանը և հավելեց, որ նոր վարորդների պահանջի վերաբերյալ հայտարարությանն արձագանքողների թիվը շատ չէ, մրցակցությունն էլ մեծ չէ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընթացիկ տարում Երևանում կդադարեցվի մոտ 400 միկրոավտոբուսի շահագործումը ծառայության ժամկետը լրանալու պատճառով (15 տարի): Ընդ որում, ամբողջ քաղաքը սպասարկում է 900 միկրոավտոբուս:

Դիտարկվում է տրանսպորտային ցանցոմ սակագների և տոմսերի ճկուն համակարգի ներդրման հնարավորությունը: Մասնավորապես, ներկայիս 111 ավտոբուսային երթուղիների փոխարեն կառաջարկվի 42, իսկ տրանսպորտային միջոցների թիվը զգալիորեն կկրճատվի: Ընդհանուր առմամբ կգործի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Բոլոր ավտոբուսների 15% -ը կտեղափոխվի ռեզերվ: