Բավ է պառակտվել
14-09-2020 18:35

Նախագծի հեղինակները ԶՈՒ չեն ծառայել, բայց օրինագիծ են ներկայացնում

Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի, պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, կկարողանան վերադառնալ Հայաստան: Ըստ ներկայացված նախագծի` քաղաքացիները պետք է վճարեն 2 տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձը ու հավելավճար, որի գումարը կազմում է շուրջ 5-5.5 մլն. դրամ: Հետագայում աշխատավարձի բարձրացումով պայմանավորված՝ թիվը կավելանա: Գործող օրենսդրությամբ բոլոր քաղաքացիները, որոնք գտնվում են արտերկրում, բանակում չծառայելու դեպքում քրեական հետախուզման մեջ են հայրենիք վերադառնալուն պես պետք է պատասխանատվության ենթարկվեն, օրենքը սահմանում է ազատազրկում։
Նախագծի հեղինակ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նշում է, որ հենց այս հանգամանքն է ստիպել օրենսդիրներիի գտնելու լուծումներ այն անձանց համար, որոնք ինչ-ինչ պատճառներով ժամանակի ընթացքում ընտանիքի հետ հայտնվել են դրսում։  
«Փաստորեն, նրանց բացակայության պայմաններում առաջնագծում, որտեղ պետք է կանգնած լինեին, այլ անձ է կանգնել ու պաշտպանել հայրենիքի սահմանները: Ըստ էության, այստեղ հիմքում դրված է ոչ թե ֆինանսական բաղադրիչը, այլ պատասխանատվությունը, որը նրանք ունեն պետության առջև: Հետևաբար՝ սահմանվել է այն դրույթը, որը չի ենթադրում ֆիքսած գումար, այլ երկու տարվա համար նախատեսված գումարը, որն այս պահին կազմում է 5-5,5 մլն դրամ: Եթե նրանք կհամապատասխանեն այն չափանիշներին, որը ՀՀ Զինված ուժերը կդնի նրանց առջև, և ցանկություն կհայտնեն ներգրավվել զինվորական ծառայության առաջիկա երեք տարիների ընթացքում, ապա այդ գումարը նրանք հետ կստանան»: 
Այս օրինագծով մեկ այլ փոփոխություն ևս առաջարկվում է։ Գործող օրենսդրությամբ` 37 տարին լրանալուն պես քրեական գործը կարճվում է։ Այս նախագծով առաջարկվում է այդ տարիքը սահմանել մինչև անձի 47 տարեկան դառնալը:
Մարդիկ, որոնք այսուհետ կխուսափեն ծառայությունից, պետք է հասկանան, որ մինչև 47 տարեկան այս օրենքը տարածվելու է իրենց վրա։ Իսկ այս օրենքով ցանկանում են հնարավորություն տալ Սփյուռքում գտնվողներին վերադառնալու հայրենիք և մասնակցելու պետականաշինությանը և տարբեր ոլորտների զարգացմանը:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Gisher.news-ի հետ զրույցում նշում է,որ  օրենսդրական առաջարկված փաթեթով բոլոր խնդիրները լուծվում են, և, որ նախ՝ պետք է վերլուծվի և դասակարգվի զորակոչից խուսափածների դրդապատճառները:
«Մարդիկ ովքեր մի քանի տարի առաջ դուրս են եկել երկրից` խուսափելով զինծառայությունից։ Մարդիկ էլ 20 տարի առաջ մեկնել են արտերկիր ու մշտական հիմունքներով նրանց ընտանիքի անդամների հետ այլ երկրում են բնակվում, և տարբեր պատճառներով ցանկություն են ունենում վերադառնալու իրենց հայրենիք` պահպանելով ՀՀ քաղաքացիությունը։ Մենք այս երկու կատեգորիաները բերել ու մի ցանկով անցկացնում ենք։ Այս օրինագծում ավելի շատ շեշտը դրված է ամեն գնով լուծում գտնելու և այդ մարդկանց քրեական պատասխանատվությունից ազատելու համար։
Տիգրան Աբրահամյանի խոսքով` եթե կանխարգելող բնույթի նախաձեռնություն է, ապա վճարման ենթակա գումարի թիվը բավականին ցածր է։ Այստեղ ևս կարգավորման կարիք կա։
«Մենք այսպիսով հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի մարդիկ գումարով ազատվեն զինվորական ծառայությունից։ Նրանք ասում են, որ երկու տարի ծառայության կարող են անցնել, ու ըստ էության` գումարը փոխհատուցել։ Բայց նախագծի հեղինակները, քանի որ ԶՈՒ չեն ծառայել ու չեն տիրապետում, որ պայմանագրային ծառայության կարգը ենթադրում է տվյալ քաղաքացին պետք է լինի ժամկետային ծառայություն անցած անձնավորություն։ Այս օրինագծի պետք է լինի մոտիվացիա ԶՈՒ ծառայելու, ոչ թե գումարով ազատվելու համար։
Նախագծի հեղինակ Մխիթար Հայրապետյանը կարծում է սակայն, որ այս օրենքով ցանկանում են հնարավորություն տալ Սփյուռքում գտնվողներին վերադառնալու հայրենիք և մասնակցելու պետականաշինությանը և տարբեր ոլորտների զարգացմանը։ Նշենք, որ կառավարության դիրքորոշումը հայտնի չէ: Իսկ  ՊՆ-ի պաշտոնական դիրքորոշումը, պատգամավորը վստահ չէ, որ դրական կլինի:

 

 

 

Արմինե Գևորգյան