Բավ է պառակտվել
11-10-2018 12:32

Հայկ Մարությանը կրճատել է Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների մեծ մասը․ թերթ

Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանը, նախքան հոկտեմբերի 13-ին կայանալիք երդմնակալությանն, արդեն անցել է քաղաքապետի պարտականությունների կատարմանը․այդ մասին գրել է “Հրապարակ” օրաթերթը։

“Առաջին գործերից մեկը եղել է Երևանի 2800-ամյակի տոնակատարության ծրագրի ուսումնասիրությունն ու ծախսերի զգալի կրճատումը”,- նշվում է հրապարակման մեջ։

Օրաթերթի տեղեկություններով, տոնակատարության համար նախատեսված է եղել 1,7 մլրդ․ դրամ, իսկ Մարությանը՝ չեղարկելով միջոցառումների մեծ մասը՝ ծախսերը կրճատել է մինչև 300 մլն․դրամ։

“Նա ցանկանում էր ավելի շատ կրճատել, սակայն միջոցների մի մասն արդեն ծախսված է, իսկ պայմանագրերը՝ կնքված”,- ասվում է նյութում։

Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 20-21-ը:

Էրեբունին (Երևանը) հիմնադրվել է մ.թ.ա 782 թ. Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելքում՝ Արգիշտի թագավորի կողմից: Սեպագիր քարը, որի վրա փորագրված է Երևանի հիմնադրման տարեթիվը, գոյություն ունի մինչ այժմ և գտնվում է Էրեբունի բերդ-թանգարանում:

Երևանը հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետության մայրաքաղաք 1918թ․ մայիսի 28-ին։ Երևանի օրը նշվում է 1968թ․ի վեր՝ ամեն տարի։