Բավ է պառակտվել
11-11-2016 14:45

Ադրբեջանը կարևոր հանդիպումներից առաջ միտումնավոր սրում է իրավիճակը շփման գծում. ԱԳՆ

Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը կարևոր միջազգային հանդիպումներից առաջ: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով հակառակորդի կողմից Թալիշի և Յարըմջայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի արկակոծումը:

Հարցին, թե Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ ՄԽ գործընթացի շրջանակում նախատեսվող նախարարական հանդիպմանն ընդառաջ ինչու է Ադրբեջանն ակտիվացնում գործողությունները սահմանին և ինչ կարող է սա նշանակել, Տիգրան Բալայանն ասաց. «Ադրբեջանը հավատարիմ է մնում իր գործելաոճին, ու կարևոր միջազգային հանդիպումներից առաջ միտումնավոր սրում է իրավիճակը շփման գծում: Նույն սադրիչ տրամաբանության մեջ են նաև վաղը մեկնարկող լայնամասշտաբ զորավարժությունները, որոնք անց են կացվում սպառազինությունների վերահսկման միջազգային պարտավորությունների խախտումով»։

Նշենք, որ համաձայն Վիեննայի փաստաթղթի՝ զորավարժություն անցկացնելուց 42 օր առաջ պետք է տեղյակ պահել զորավարժություն անցկացնելու մասին, եթե զորքերի մասնակցությունը հասնում է 9 հազարի: Ադրբեջանի կազմակերպած զորավարժությանը մասնակցում է 60 հազար զորք:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ն հայտնում է, որ ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ:

Այսօր ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ: