Բավ է պառակտվել
05-07-2022 11:56

Ադրբեջանը 10 րոպե կրակել է հայկական գյուղի ուղղությամբ․ պատգամավոր

Ադրբեջանը 10 րոպե շարունակ ինտենսիվ կրակ է վարել հայկական Խաչիկ գյուղի ուղղությամբ։ Այս մասին ֆյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Հուլիսի 4-ին, ժամը 8:30-ի սահմաններում հակառակորդը մոտ 10 րոպե շարունակ կրակել է Վայոց Ձորի մարզի Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է վարչական շրջանի ղեկավարի «Նիվա» մակնիշի մեքենան»,– գրել է ՈԹովմասյանը։

Նրա հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել վարչական շրջանի ղեկավարի հետ, որը հաստատել է տեղեկությունը և նշել, որ բնակիչներն արդեն սովոր են, և կրակոցներ պարբերաբար են լինում, ուստի համայնքում խուճապ չկա։

«ՀՀ պաշտպանության նախարարությունն, ինչպես միշտ, լուռ է, իսկ ադրբեջանական քարոզչամեքենան՝ բավականին ակտիվ։ Սա ՀՀ բնակիչների կյանքի և խաղաղ ապրելու իրավունքի կոպիտ ոտնահարում է, որի նախադեպերը տեսնում ենք գրեթե ամեն օր»,– եզրափակել է պատգամավորը, նշելով, որ եղաշի մասին տեղեկացնելու է համապատասխան միջազգային կառույցներին։