Բավ է պառակտվել
16-11-2021 16:02

Ադրբեջանը գնդակոծում է հայկական դիրքերը. ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ

Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ինչպես արդեն հաղորդվել է, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի՝ հարձակում գործելով հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանի, զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդ ունի զրահատեխնիկայի կորուստ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սրացում սահմանի արևելյան հատվածում

Հայաստանի Անվտանգության խորհրդի տվյալներով՝ նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածներից մեկում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները զրահատեխնիկայի օգնությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչի արդյունքում շրջափակման մեջ է հայտնվել Հայաստանի զինված ուժերի չորս մարտական ​​դիրք։ Բանակցություններից հետո ադրբեջանական զինտեխնիկան և զորքերը լքել են Հայաստանի ինքնիշխան տարածքը, իսկ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները դուրս են բերվել վերը նշված չորս մարտական ​​դիրքից։

Հայաստանի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ-ի և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա, որոնք ուղղված են Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և հանրապետության ու տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաև հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։