Բավ է պառակտվել
11-03-2022 16:49

Ադրբեջանն ականանատերից կրակել է Արցախի երկու գյուղերի ուղղությամբ

Ադրբեջանական ԶՈւ ուրբաթ օրը ժամը 16։21-ին կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ, հայտնում է Արցախի ՆԳՆ:

«Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում: Տուժածներ չկան», -: ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում։
Նշվում է, որ Ներքին գործերի նախարարությունն օպերատիվ կերպով շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը։
Հիշեցնենք, որ մարտի 11-ի առավոտյան ադրբեջանական զինուժը 120 մմ ականանետերից երկու արկ է արձակել Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի ուղղությամբ՝ դպրոցի մոտ։

Լարվածության սրացում Արցախում

Վերջին օրերին ադրբեջանական զինուժն ավելի ինտենսիվ (այդ թվում՝ ականանետերից) գնդակոծում է Արցախի բնակավայրերը։

Մարտի 8-ի գիշերը Շուշիի (Ադրբեջանի հսկողության տակ գտնվող) շրջանում գազատարի վթարի պատճառով դադարեցվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքների իրականացմանը և հարակից տարածքի ականազերծմանը։

Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներն «Արցախգազ» ՓԲԸ-ի աշխատակիցների և ռուս խաղաղապահների հետ շարունակում են բանակցությունները ադրբեջանական կողմի հետ։

Բացի այդ, ինչպես հայտնում են Արցախի ոստիկանությունից, հինգշաբթի առավոտյան ականը պայթել է Խրամորթ գյուղի խաղաղ բնակչի տան բակում, ինչի հետևանքով քաղաքացին բեկորային վիրավորում է ստացել։