Բավ է պառակտվել
29-07-2019 18:00

Ադրբեջանը դիպուկահարների ներգրավմամբ սադրիչ գործողություններ է իրականացրել հայկական սահմանին․ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը։ Համապատասխան հայտարարությունը տարածելլ է Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը։

“Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում դիպուկահարների ներգրավմամբ իրականացրել են սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով սպանվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Արման Բուլղադարյանը և վիրավորվել է ևս երկու զինծառայող”,-ասվել է հայտարարությունում:
Նշվել է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի միտումնավոր և սադրիչ խախտումները հակասում են հրադադարի պահպանման և ամրապնդման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին, որոնք արձանագրվել են նաև երկու երկրների ղեկավարների մակարդակով այս տարվա մարտի 29-ին տեղի ունեցած Վիեննայի գագաթաժողովի ընթացքում:
“Դրանք անտեսում են նաև արտաքին գործերի նախարարների հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ էր արվում խստորեն պահպանել հրադադարը հարգելու հանձնառությունը և ձեռնպահ մնալ շփման գծում և պետական սահմանում դիպուկահարների օգտագործմամբ սադրիչ գործողություններից”,-նշվել է հաղորդագրությունում:
Գերատեսչությունը խստորեն դատապարտում է մարդկային զոհերի հանգեցնող այս սադրանքները, որոնք ուղեկցվում են Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանմանը և ամրապնդմանն ուղղված վստահության և անվտանգության միջոցառումների իրականացման մերժմամբ:

Նաղդալյանը նշել է, որ այս գործողությունները ստեղծում են լարվածության աճի վտանգ, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: