Հուլիսի 28-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնել է Հայաստանի ՊՆ մամլո քարտուղար Արամ Թորոսյանը։
«Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան», - ասվում է հաղորդագրությունում։
Նույն օրն ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու մասին․ ադրբեջանական կողմը ․տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Հինգշաբթի ավելի վաղ Արցախի ոստիկանությունը հայտնել էր, որ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։