Բավ է պառակտվել
20-12-2020 13:49

Ադրբեջանը հաստատել է 62 հայ գերիների առկայության փաստը - Բաղդասարյան

Ադրբեջանի իշխանությունները ընդունել են գերեվարված 62 հայ քաղաքացու փաստը, հայտնել է իր էջում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

«Քիչ առաջ ավարտվեց իմ և Սոֆյա Հովսեփյանի (պատգամավոր՝ խմբ.) հանդիպումը ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։
Հանդիպման ընթացքում գեներալի կողմից հաստատվեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը»,- գրել է Բաղդասարյանը։

Ըստ նրա, այս հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար։ Գերեվարվածների անվանական ցուցակը՝ իրենց և Արցախի նախագահի կողմից փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը՝ ադրբեջանական կողմին տալու համար։
Հաստատվել է նաև, որ գերեվարվածները գտնվում են Բաքվում։ Հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները։

Նշենք, որ չնայած Ղարաբաղի շուրջ եռակողմ հայտարարությանը, հակառակորդը հարձակվել էր հայկական ուժերի վերահսկողության տակ մնացած Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի վրա: Հարձակման արդյունքում հայ զինվորականները հայտնվել էին շրջափակման մեջ։ Ըստ Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ անհայտ էր շուրջ 73 մարդու ճակատագիր:

Չորեքշաբթի օրը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ մի շարք հայ զինծառայողներ դուրս են բերվել շրջափակումից այս շրջանում: Գործողությունն իրականացվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների կայազորի ակտիվ գործողություններից հետո՝ կայազորի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անձնական միջնորդությամբ: