Բավ է պառակտվել
15-07-2020 13:37

Ադրբեջանը կիրառել է իր սպառազինությունում եղած գրեթե ողջ զինանոցը. Հովհաննիսյան


Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը բրիֆինգին ներկայացրեց օպերատիվ իրավիճակը:
Նա ընդգծեց, որ երեկ 18:00-ից սկսած` լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել առաջնագծում: «Կրակոցները գնալով քչացել են, ժամը 00:15-ից սկսած` գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել, չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ, բայց մինչև այդ ժամը որոշակի խախտումներ, ակտիվություն եղել է»,- տեղեկացրեց նա:

Հովհաննիսյանի խոսքով ադրբեջանական զինված ուժերը, սահմանապահ ծառայությունը կիրառել են երրորդ բանակային կորպուսի իրենց սպառազինությունում եղած գրեթե ողջ զինանոցը՝ բացառությամբ մի քանի միջոցի. «Դրանք են, մասնավորապես, բոլոր տրամաչափի, բոլոր ռանգերի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետներ, նռնականետներ և այլն, տանկեր, հրետանային միջոցներ՝ ընդհուպ մինչև 122, չի բացառվում՝ ավելի մեծ տրամաչափի: Հարվածային դրոններից, եթե չեմ սխալվում, առաջին անգամ ենք տեսնում իսրայելական SkyStriker տեսակը, մինչ այդ՝ այլ տեսակի ԱԹՍ-ներ են կիրառվել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ մոտ 10 միավոր ԱԹՍ-ներ են խոցվել, այդ թվում՝ սովորական, հետախուզական, մարտավարական փոքր խնդիր կատարող ԱԹՍ-ները, հարվածային ԱԹՍ-ները և թանկարժեք Elbit Hermes 900 ԱԹՍ-ն:

«Հայկական ռազմարդյունաբերական համալիրը դեռ մի քանի տարի առաջ յուրացրել էր «ՕՍԱ» ՀՕՊ համակարգերի արդիականացման տեխնոլոգիաները։
Հարցին ՝ թե երեկ երեկոյան ի՞նչ ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր են խոցվել, Հովհաննիսյանը նշեց`քանի որ դրանք ընկել են միջդիրքային տարածքում, այդ պատճառով դեռ հստակ նույնականացնել չի հաջողվել:
Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանն այս պահին անհրաժեշտություն չի տեսնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ դիմել ՀԱՊԿ-ին։
«ՀՀ Զինված ուժերը լիովին ի վիճակի են կատարել իրենց խնդիրները, առկա կոնֆլիկտն այն աստիճանի չէ, որ Հայաստանն անհրաժեշտություն տեսնի դիմել ՀԱՊԿ-ին միջամտության համար», - ասաց նա։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակահերթ է իրականացնում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։

 

 

Արմինե Գևորգյան