Բավ է պառակտվել
28-07-2021 10:50

Ադրբեջանը կրակ է վարում Հայաստանի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, անմիջական թիրախում են Կութ և Վերին Շորժա գյուղերը․ ՄԻՊ

Ադրբեջանը կրակ է վարում Հայաստանի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, ուղիղ նշանառման տակ են Հայաստանի Կութ և Վերին Շորժա գյուղերը, գրել է իր ֆեյսբուքյան էջում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ժամը 10:30-ի դրությամբ ահազանգեր են ստացվում քաղաքացիական բնակիչներից, որ ադրբեջանական զինված ուժերը կրակում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ: Հատկապես խոցելի վիճակում, կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը»,- գրել է Թաթոյանը։

Նրա խոսքով, կրակոցները ինտենսիվ են, արձակվում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:

Օմբուդսմենն արձանագրել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ ադրբեջանական այս մարտական հարձակումներն ունեն քաղաքական դրդապատճառներ: Ուստի, Պաշտպանը հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այդ հայտարարությանը:

«ՄԻՊ աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ստուգած փաստերը հաստատում են, որ կրակոցներն անընդհատ հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, այդ կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ, ունեն միասնական դիտավորություն, խախտում են ՀՀ քաղաքացիական բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը»,- գրել է Թաթոյանը:

Հյաստանի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։
Չորեքշաբթի ժամը 08։30-ի դրությամբ հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։ Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։