Բավ է պառակտվել
13-05-2021 18:08

Ադրբեջանը նորից փորձել է առաջանալ Սիսիանում և Վարդենիսում

Մայիսի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանամերձ հատվածներում, հայտնում է Հայաստանի ՊՆ-ն։

Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես բացահայտ սադրանք է որակում Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները և, անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, այդ երկրի զինված ուժերից պահանջում անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից»,- ընդգծվում է հայտարարությունում։

Իրավիճակը Սյունիքում

Մայիսի 12-ին լարված իրավիճակ էր գրանցվել Հայաստանի հարավում ` Ադրբեջանի հետ սահմանակից Սյունիքի մարզում Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացման պատճառով: Լրատվամիջոցների հաղորդմամբ, Սյունիքի Սև լճի մերձակայքում ադրբեջանցի շուրջ 200 զինվոր անցել է պետական սահմանը և 3-3,5 կմ առաջ շարժվել դեպի Գորիսի մոտակայքում գտնվող Վերիշեն գյուղ:

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, բայց հայկական զինված ուժերի ձեռնարկած միջոցառումներից հետո դադարեցրել այդ աշխատանքները։ Ընթանում են բանակցություններ ռուսական խաղաղպահ զորախմբի մասնակցությամբ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքել են նաև Իշխանասարի ուղղությամբ փոխհրաձգության մասին տեղեկությունը:

Նույն օրը, ուշ երեկոյան կայացած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, Հայաստանի վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար անընդունելի է համարել Ադրբեջանի զինված ուժերի այս գործողությունները, «քանի որ սա ոտնձգություն է հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ»: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «առաջնահերթությունը այս հարցը բանակցությունների, ինչպես նաև դիվանագիտության միջոցով լուծելն է», հավելելով, որ դա տարբերակներից մեկն է: