Բավ է պառակտվել
16-07-2020 19:30

«Յաշմա»-ի զորախումբը հետ է շպրտվել մարդկային ու զինտեխնիկայի ահռելի կորուստներով. Հովհաննիսյան


Հստակ գնահատական չենք կարող տալ, թե ադրբեջանական կողմը տեխնիկայի ինչ կորուստներ ունի, լրագրողների հետ հանդիմանն ասաց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։
«Դիտարկվող կորուստները կարող են մոտենալ 1-2 տասնյակի, բայց հստակ չեմ կարող ասել, սպասենք հակառակորդի հաստատմանը, թեև գիտենք նրանց ստելու աստիճանը», - ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ գիշերվա ընթացքում տեղի ունեցած գործողությունների հետևանքով հայկական կողմը վիրավորներ չունի։
«Ինչ վերաբերում է նախորդ օրվա ընթացքում վիրավորվածներին, նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 5-ի վիճակը՝ միջին ծանրության է, մյուսների վիճակը թեթև է», - տեղեկացրեց Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նաև ներկայացրեց երեկ 24-ժամյա հրադադարից հետո ադրբեջանական կողմի սանձազերծած դիվերսիայի մանրամասները:
«Գիշերը՝ մոտավորապես կեսգիշերից հետո, Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները, պետք է սա շեշտեմ՝ էսպես ասած «փառապանծ Յաշմայի զորախումբը», որը պայմանական անուն է հատուկ նշանակության բոլոր ստորաբաժանումների համար, 100 զինծառայող հրետանային կրակի աջակցության տակ փորձել են հարձակվել մեր «Անվախ» դիրքի ուղղությամբ, բայց մեր տղաների հերոսական և գրագետ գործողության արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ: Այդ ընթացքում կորցրել են նաև որոշակի զրահատեխնիկա և այլն»,- նշեց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով առավոտյան արդեն ադրբեջանական զինված ուժերի լրատվական ծառայությունն ընդունել է իրենց կորուստները, բայց այս պահի դրությամբ դեռ հստակեցված չէ, թե քանի զինծառայողի մասին է խոսքը, և ովքեր են նրանք:
«Հերթական անգամ տապալվելով՝ ադրբեջանական զինված ուժերը փորձել են իրենց վրեժը լուծել հայ խաղաղ բնակիչներից և Տավուշի մեր գյուղերի ուղղությամբ շարունակել են հրետակոծությունը: Առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարեցին նաև՝ իբր հայկական ԶՈՒ-ը կիրառել են ԱԹՍ, որը պաշտոնապես հերքվել է և չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Հովհաննիսյանը:
Իսկ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ նշել է,որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից:

 

 

Արմինե Գևորգյան