Բավ է պառակտվել
30-11-2021 11:05

Ադրբեջանական զինվորականները կտրել են Սյունիքում հայկական գյուղի բնակիչների ջուրը

Ադրբեջանական ինվորոկանները կտրել են Ճակատեն գյուղի բնակիչների ջուրը, հաղորդել է Սյունիքում այցով գտնվող Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գյուղի բնակիչ Գևորգ Ավագյանի տունը, որի վերևում ադրբեջանական զինծառայողների դիտակետ է: Ըստ ՄԻՊ-ի՝ արդյունքում Ավագյանը զրկվել է եկամուտից։ Մասնավորապես, Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական սահմանային կետի տեղադրման պատճառով նա այլևս չի կարողանում որպես տաքսու վարորդ գումար աշխատել, շրջանցիկ ճանապարհն էլ նման հնարավորություն չի տալիս։ Ընտանիքը կորցրել է նաև արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից։

Թաթոյանը հայտնել է, որ 5-6 տարի առաջ երեք ընտանիք, ծախսելով ավելի քան 2 միլիոն դրամ, 2 կմ երկարությամբ խողովակաշար են անցկացրել՝ իրենց տները ջրով ապահովելու համար, սակայն ադրբեջանցի զինվորականները, տեղակայվելով գյուղի մոտ, կտրել են այդ ընտանիքների ջրամատակարարումը։

Օմբուդսմենը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ադրբեջանական զինծառայողների անօրինական գործողությունները խախտում են սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքները՝ զրկելով նրանց վաստակելու հնարավորություններից և հանգեցնում են հումանիտար լուրջ խնդիրների։