Բավ է պառակտվել
16-08-2021 23:46

Ադրբեջանցի զինծառայողները կրակում են Հայաստանի Սոթքի լեռնանցքի ուղղությամբ․ ՄԻՊ

Ստացվող ահազանգերի համաձայն` այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ, նշվում է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։

«Հատուկ նշում` կրակոցներն են այն վայրից են, որտեղ տեղակայված են հողմակները: Իսկ այդ տարածքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթքի լեռնանցքի շրջանում (200 հա հողամաս), որը ՀՀ կառավարությունը 2000թ. դեկտեմբերի որոշմամբ տրամադրել է ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանը և կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը»,- ասվում է հաղորդագրությունում:

Այլ խոսքով, նշում է, Օմբուդսմենը, ադրբեջանական զինված ուժերը անօրինական են ներկա ՀՀ գործարար ընկերությանը պատկանող տարածքում, որտեղից պարբերաբար են թիրախավորում Սոթքի ոսկու հանքավայրը, Գեղամասար համայնքը և ՀՀ զինված ուժերի դիրքերը:

«Ընդ որում, իրենց անօրինական ներկայությամբ ՀՀ գործարար ընկերությանը նրանք պատճառել են շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս ( շուրջ $10.1հազ․)»,- ընդգծել է Թաթոյանը։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։ Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր:

Նույն օրն ավելի ուշ Ադրբեջանի զինուժի երկրորդ սադրանքն է գրանցվել Երասխի ուղղությամբ (ՀՀ Արարատի մարզ)։ Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:
Նույն օրվա մեջ ադրնեջանական զինուժի երրորդ սադրանքը տեղի է ունեցել ժամը 18:10-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը: