Բավ է պառակտվել
16-08-2021 23:41

Ադրբեջանական ԶՈւ-ն կրակում է Գեղարքունիքի մարզի Կութ և Նորաբակ գյուղերի վրա․ Հայաստանի ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա, հայտնում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Օմբուդսմենը հայտնել է, որ կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից, բնակիչները փորձում են պատսպարվել:

«Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը»,- հայտարարել է Թաթոյանը:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։ Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր:

Նույն օրն ավելի ուշ Ադրբեջանի զինուժի երկրորդ սադրանքն է գրանցվել Երասխի ուղղությամբ (ՀՀ Արարատի մարզ)։ Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:
Նույն օրվա մեջ ադրնեջանական զինուժի երրորդ սադրանքը տեղի է ունեցել ժամը 18:10-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը: