Բավ է պառակտվել
29-08-2021 12:16

Ադրբեջանի զինված ուժերը գիշերը գնդակոծել են Գեղարքունիքում հայկական դիրքերը, զոհեր չկան

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է սահմանին, մասնավորապես, Սոթքի հատվածում ադրբեջանական նոր սադրանքի մասին։

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Հայաստանի Գեղարքունիքի մարզում ՝ հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հայտնվում է, որ կրակը բացվել է օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ։

Ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը՝ հնարավորություն տալով տարհանել հակառակորդի վիրավորներին։
Հիշեցնենք, որ թշնամու զորքերը մայիսի 12 -ից գտնվում էին հայկական տարածքում`Կութ և Վերին Շորժա գյուղերի մոտ: Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Հակառակորդը պարբերաբար կրակում է նշված բնակավայրերի ուղղությամբ:
Պաշտոնական Երևանը պահանջում է դուրս բերել ադրբեջանական ուժերն իր ինքնիշխան տարածքից՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում կգործարկի ուժային տարբերակը։