Բավ է պառակտվել
29-07-2021 10:43

Ադրբեջանի զինված ուժերը կրկին կրակ են բացել Գեղարքունիքի մարզում հայկական դիրքերի ուղղությամբ, կա վիրավոր զինծառայող

Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, սակայն հայկական կողմն ունի մեկ վիրավոր։ Նրա վիճակի մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Հուլիսի 29-ին` ժամը 08։40-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ ծառայող։
«Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։

Հուլիս 28-ին, ժամը 4։00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը զրոհել են հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելքում` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Ժամը 08։30-ի դրությամբ հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։ Բաքուն դեռևս հայտնում է երկու վրավորի մասին։ Մարտական գործողությունները շարունակվում են։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը սրվեց մայիսի 12-ին: Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում՝ փորձելով ամրապնդել դիրքերը հայկական տարածքների հաշվին: Նմանատիպ իրավիճակ է Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի մերձակայքում: Պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում պետական սահմանի տարբեր հատվածներում: Մայիսի 25 -ին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել է Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող:

Հուլիսի 14-ի գիշերը հակառակորդն արդեն կրակ էր վարում Երասխի ուղղությամբ՝ փորձելով դիքային առաջխաղացում իրականացնել։ Հայաստանի զինված ուժերը ձախողել են այս փորձերը, բայց փոխհրաձգության արդյունքում հայ զինվոր է զոհվել: