Բավ է պառակտվել
22-07-2020 20:37

Ադրբեջանցիները ցանկացել են շրջանցել մեր դիրքը և դուրս գալ մեր թիկունք. Աստվածատուր Պետրոսյան


Երեկ երեկոյան հակառակորդը Տավուշի մարզում հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է մղվել։ Ըստ ՊՆ-ի՝ ոմանք էլ մնացել են ծուղակում։
«Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի խոսքով՝ մենք սպասում էինք երեկվա գործողություններին .
«Իրենց օպերացիոն նպատակը ոչ թե վերազատագրել էր դիրքեր, այլ ներթափանցելն էր ավելի խորը, որ ցույց տան՝ իրենք կարող են մեր դիրքերից որևէ մեկը վերցնել անաղմուկ»։
Պետրոսյանի խոսքերով, ավտոմեքենայում, որն ադրբեջանական կողմը թողել ու հեռացել է, եղել են սպաներ ու երկու հատուկ նշանակության ջոկատայիններ. «Նրանք գիշերով հետախուզությունը կատարել էին ու ճշտում էին դիրքերը, թե որտեղից որ կողմից ինչ կրակոց կգա: Մենք անտառի մեջ մի դիրք ունենք, որը 4 կողմից անհրաժեշտ պաշտպանություն ունի:Ադրբեջանցիները ցանկացել են շրջանցել մեր այդ դիրքը և դուրս գալ մեր թիկունք: Դրա համար հայտնվել են մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա»:
Ըստ նրա՝ մեր դիրքերը բարձր են եւ ուժեղացված հսկողություն է.«Եվ միևնույն ժամանակ թե կորպուսի հրամանատարությունը, թե գնդի հրամանատարությունը վաղօրոք ամբողջ տեղաշարժը ֆիքսել էին, և դրա համար գերիների պատմածը ցույց կտա, թե նրանք ինչքա՞ն, քանի՞ անգամ են արդեն կորցնում ոչ միայն մարդկային ուժ, այլ նաև ռեսուրսներ»։
Հնարավոր զարգացումների մասին այս պահին նա հստակ խոսել դեռ չի պատրաստվում։
Գեներալի խոսքերով, այն բանից հետո, երբ ադրբեջանցիները հասկացել են, որ չեն կարող իրենց ծրագիրը ծածուկ կատարել, որոշել են արդեն հրետանային ուժերով, տանկերով դուրս գալ մեր դիրքերի վրա. «Մեր ուժերը վաղուց էին կռահել, կարողացան շատ կարճ ժամկետում իրենց պլանը կատարել:
Պետրոսյանը նշում է, որ արդեն 25 տարի է՝ այս ամենը շարունակվում է, բայց մեջբերում է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքը՝ եկել է ժամանակը լիովին ջախջախելու թշնամուն.
«Ջախջախելը միայն պատերազմով չի, այսինքն այս կամ այն կողմում լոկալ ձևով ջախջախում ենք, որ մյուսները դաս առնեն»,-ասում է Աստվածատուր Պետրոսյանը։

 

 

Արմինե Գևորգյան