Բավ է պառակտվել
20-12-2020 13:41

Ադրբեջանցիները ցանկանում են «կիսել» Սյունիքի Ճակատեն գյուղի ալեհավաք աշտարակը. ԽՍՀՄ ժամանակներում սահման ավելի հեռու էր

Ադրբեջանցիները ցանկանում են նոր սահմանն անցկացնել Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի մոտ գտնվող հեռուստաաշտարակի միջով՝ չնայած ոչ հեռու գտնվող խորհրդային ժամանակներից պահպանված սահմանային սյանը։

Sputnik Արմենիայի նկարահանող խմբի՝ գյուղում գտնվելու պահին գյուղապետարան բերեցին ինչ-որ տեղից հանված ալեհավաքները։ Պարզվեց, որ ալեհավաքները բերել են հարակից բլրի վրա գտնվող աշտարակից (որը լավ տեսանելի է գյուղից)։


Այնտեղ են գտնվում հեռուստաաշտարակը, Vicacell, Ucom բջջային օպերատորների ալեհավաքները: Ինչպես պարզվեց, սահմանը որոշելիս ադրբեջանցիները հայտարարել են, որ սահմանն անցնում է հենց հեռուստաաշտարակի շենքի միջով:

«Սահմանը անցնում է բլրի երկայնքով, դրա ետևում իրենց տարածքն է, այս կողմում մերն է: Նրանք (ադրբեջանցիներ, խմբ.) այնտեղ GPS են օգտագործել, շենքի կեսն ընկնում է իրենց տարածք», - ասաց գյուղապետ Հուսիկ Սարուխանյանը:
Բայց խորհրդային սահմանը, ինչպես Սարուխանյանի, այնպես էլ գյուղացիների խոսքով, այնտեղով չէր անցնում: Աշտարակի շենքից 30 մ հեռավորության վրա է գտնվում դեռևս խորհրդային ժամանկներից պահպանված սահմանային սյունը։

«Ահա այնտեղ տնկված է, ամեն ինչ իր տեղում է մնում։ Հետևում նրանք են, այս կողմում՝ մենք», - ասում է գյուղի բնակիչը:

Ըստ նրա, եթե ադրբեջանցիները բլրի գագաթին տեղավորվեն գյուղում այլևս անելիք չի մնա: Այսօր նրանք այնտեղ են, մեկ ամսից՝ կհայտնվեն գյուղում:

Նա չի հասկանում, թե ինչպես է պատահել, որ սահմանային սյունը դեռևս խորհրդային տարիներից շենքից հեռու է տեղադրվել, բայց նոր սահմանը չգիտես ինչու պետք է անցնի ոչ թե դրանով, այլ կայանով։

Գյուղապետը չի հասկանում նաև, թե ինչու և ինչպես է GPS-ը սահմանը շենքի միջով ցույց տալիս: Բայց նրան հանձնարարվել է հեռացնել սարքավորումները և տեղափոխել դրանք այլ վայր:

«Այսպիսի պատմություն միայն այստեղ չէ, Ագարակում էլ նույնն է», - ասում է Սարուխանյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կապանից հարավ ընկած ճանապարհը վերահսկելու են ռուս սահմանապահները, նրանց դիտակետը տեղակայված է Ճակատեն գյուղից ոչ հեռու: