Բավ է պառակտվել
12-12-2022 10:50

Ադրբեջանցիները կրկին, իբր «էկոլոգիական նկատառումներով», փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը

Երկուշաբթի առավոտյան՝ ժամը 10:30-ին, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին «բնապահպանական նկատառումներով» փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

«Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ: Հորդորում ենք քաղաքացիներին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալով չստուգված տեղեկությունների տարածումից»,- ասված է հաղորդագրությունում։

Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին

Դեկտեմբերի 3-ին հաղորդվեց, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, դրանով իսկ կտրելով Արցախի կապը Հայաստանի և Շուշիի շրջանի Բերդաշեն ենթաշրջանի գյուղերի հետ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններից մի քանի ժամ անց ճանապարհն ապաշրջափակվեց։

Ավելի ուշ Արցախի ԱԱԾ-ն հայտարարեց, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են։ Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու: Վոլկովի պնդմամբ, ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար: