Բավ է պառակտվել
07-07-2018 18:35

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. ձերբակալվել է 6 անձ, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«2018 թվականի հուլիսի 6-ին Երևան քաղաքի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկի մոտից թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում, բերման է ենթարկվել 4 անձ, որոնցից 3-ը՝ օտարերկրացի։ Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակներում գտնվող 6 հատ 0.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված թափանցիկ հեղուկով, 1 հատ 1 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված անգույն հեղուկով, 1 հատ 1.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված անգույն հեղուկով և 2 հատ 1 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված մուգ գույն հեղուկով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Բացի այդ, հայտնաբերվել են փաթեթներ, որոնցից 1-ին փաթեթում եղել է դարչնագույն փոշենման զանգված, որի կշիռը կազմել է փաթեթի հետ մեկտեղ 1.83 գրամ, 2-րդում՝ 5.17 գրամ ընդհանուր քաշով սպիտակ բյուրեղանման զանգված, 3-րդում՝ 6.83 գրամ քաշով սև գույնի կոշտ զանգված, 4-րդում՝ 3.32 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված և չորացված զանգված, 5-րդում՝ 0.68 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված և չորացված զանգված, իսկ 6-րդում՝ 11.48 գրամ և 15.21 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված և չորացված զանգված», - հաղորդում են Քննչական կոմիտեից:

Բերման ենթարկված երկրորդ օտարերկրացու մոտ հայտնաբերվել է ապակե տարայով, ընդհանուրը՝ 85.27 գրամ քաշով անգույն, հոտավետ հեղուկ։

Նրանց հայտարարության համաձայն՝ հայտնաբերվածը հանդիսանում է «Հերոին», «Ափիոն», «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ, «Կրիստալի ջուր», «Մեթադոնի սիրոպ», որոնք Հայաստան են տեղափոխվել ԻԻՀ-ից՝ իրացնելու նպատակով՝ 2018 թվականի հուլիսի 6-ին: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որով նախաքննությունն իրականացում է ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։ Բաժնի պետի որոշմամբ՝ քննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։ 

«Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում 6 անձ ձերբակալվել է, որոնցից 3-ը օտարերկրացի՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու կասկածանքով, ևս երեք ՀՀ քաղաքացի՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձ կատարելու կասկածանքով», - նշվում է հաղորդագրությունում։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր այլ հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։