Բավ է պառակտվել
03-05-2022 10:46

Բաքուն վախենում է երևանյան հանրահավաքներից Արցախի կլանման և Հայաստանի հանձնման «օրակարգի» տապալումից

Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին Բաքվի բռնապետի քարոզչամիջոցների անհանգիստ արձագանքը ցուցիչ է այն բանի Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում ևս վախեր կան Հայաստանում ազգային և ոչ պարտվողական օրակարգ դավանող ուժերի հաջողության հնարավորություններից։ Այս մասին գրել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Telegram-ի ալիքում:

«Պարզ է, որ Բաքվի բարբարոսական վարչախամբի շտապողականությունն «ամրագրելու» այս պահին առկա իրավիճակը նաև իր տարածքային բռնազավթումների առումով պայմանավորված է հենց այս վախերով։ Ուստի հանուն Հայաստանի և Արցախի այս պահին Երևանում ընթացող պայքարը նաև թշնամու դեմ է՝ թշնամու, որը վախենում է իր կողմից պարտադրվող Արցախի կլանման և Հայաստանի փաստացի հանձնվելու «օրակարգի» տապալումից»,- գրել է Ոսկանյանը։

Ընդդիմության գործողությունները

Շուրջ երկու շաբաթ է, ինչ Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններն ու շարժումները բողոքի երթեր են կազմակերպում Երևանում, Հայաստանի քաղաքներում և գյուղական համայնքներում՝ կոչ անելով համախմբվել երկրի իշխանությունների գործողությունների դեմ։
Ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում ցուցարարներին։ Ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունների քաղաքականությունը սպառնում է Հայաստանի և Արցախի անվտանգությանը։

Մայիսի 1-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ընդդիմությունը հայտարարեց անհնազանդության լայնածավալ խաղաղ գործողություններ սկսելու մասին։ Ընդդիմությունը վրաններ է խփել մայրաքաղաքի կենտրոնի Ֆրանսիայի հրապարակում և նախատեսում է գիշերել փողոցում, իսկ երկուշաբթի առավոտից սկսել գործադուլներ, դասադուլներ և արգելափակել Երևանի փողոցներն ու ճանապարհները։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին իջեցնել նշաձողը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, հակառակ դեպքում չի կարողանա օգնություն ցուցաբերել հայկական կողմին։ Այս հայտարարությունը լայն արձագանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։