Բավ է պառակտվել
11-07-2018 21:28

Բանակից խուսափած` Հայաստան վերադարձածների թիվը եռակի աճել է վարչապետի կոչից հետո

Զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով հետախուզման մեջ գտնվող և Հայաստան վերադառնալու որոշում կայացրած քաղաքացիների թիվը Նիկոլ Փաշինյանի կոչից հետո մի քանի անգամ աճել է։ Այդ մասին չորեքշաբթի ասել է Հայաստանի Քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի պետ փոխգնդապետ Խաչիկ Մուրադյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29–ին դիմել է զորակոչային տարիքի` արտերկրում գտնվող բոլոր քաղաքացիներին և նրանց ծնողներին 20–օրյա ժամկետում վերադառնալ Հայաստան և գնալ բանակ` հայրենիքի առջև պարտքը կատարելու համար։

«Հունիսի 1–ից 10–ն ընկած ժամանակահատվածում ժամանել է մինչև 27 տարեկան հետախուզվող 100 քաղաքացի։ Դա եռակի ավելի է, քանի նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Վերադարձել է նաև զինվորական հաշվառման մեջ չգտնվող 200 քաղաքացի»,– ասաց Մուրադյանը։

Նա նաև առաջարկեց հետախուզման մեջ գտնվող զինակոչիկներին հարազատների միջոցով կամ այլ ուղիներով նախապես զգուշացնել հայկական իրավապահ մարմիններին Հայաստան վերադառնալու ցանկության մասին։

«Դա պետք ա անել` անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու և պետական սահմանին անցանկալի խնդիրներից խուսափելու համար։ Վստահեցնում եմ, որ եթե դա արվի, ապա Հայրենիք վերադառնալիս զինակոչիկներին չեն կանգնեցնի սահմանին կամ օդանավակայանում»,– ասաց Մուրադյանը։

Նա նաև նշեց, որ այս տարվա հուլիսի 1–ի դրությամբ հետախուզման մեջ է գտնվում ծառայությունից մոտ 11 հազար խուսափած անձ։