Բավ է պառակտվել
11-03-2021 12:16

Բեյրութահայ Մարալ Նաջարյանը տուն է վերադարձել ադրբեջանական գերությունից (լուսանկար)

Բեյրութահայ Մարալ Նաջարյանն, ով բնակվում էր Շուշիում և նախորդ տարվա նոյեմբերից գտնվում էր գերության մեջ Ադրբեջանում վերադարձել է Բեյրութ։

Դա հնարավոր դարձավ շնորհիվ, այդ թվում նաև՝ ռուս ընկերների՝ Մոսկվայի իշխանությունների ներկայացուցիչների և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի։

«Մի քանի րոպե առաջ Մարալ Նաջարյանը վերադարձավ տուն՝ Բեյրութ։ Բարի վերադարձ, Մարալ»,- գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում։

Իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել Նաիրա Զոհրաբյանին, ով անձամբ զբաղվում էր Նաջարյանի ազատ արձակման հարցով, ինչպես նաև մի քանի ռուսաստանցի պաշտոնյաներին, Լիբանանի Կարմիր Խաչին ու ՀՅԴ կառույցին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց, որ լիբանանահայ Մարալ Նաջարյանը վերադարձվել է Ադրբեջանում գերությունից շնորհիվ Լիբանանի կառավարության, Հայաստանում անհատների, ինչպես նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, ով անձամբ է կապվել Բաքվի իր գործընկերոջ հետ:

Նա նշեց, որ հայ ռազմագերիների խնդիրների մեջ ներգրավված են բազմաթիվ ռազմավարական կառույցներ և անհատներ:

«Ինչ վերաբերում է Մարալին, ես կարող եմ ասել, որ մենք բոլորս աշխատել ենք, սա հավաքական աշխատանք է: Շնորհակալություն ՌԴ Դաշնային Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին, Լիբանանի կառավարությանը փայլուն աշխատանքի համար, Լիբանանի Կարմիր խաչին, Դաշնակցություն կուսակցության լիբանանյան գրասենյակին», - ասաց ohոհրաբյանը:

Նրա խոսքով, Մարալին վերադարձնելու հարցում ակտիվ աշխատանք են տարել իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, Օմբուդսմեն Արման Թաթոյանը, Անդորրայում Հայաստանի նախկին պատվավոր հյուպատոս Արա Բաղդասարյանը և ինքը` Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նշեց, որ այս հարցով Վալենտինա Մատվիենկոն անձամբ է կապվել Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ: Հայազգի պատգամավորը բացատրեց, որ իրենք դիտավորյալ տեղեկություններ չեն տրամադրել Մարալին վերադարձնելու մասին, որպեսզի ոչինչ չխանգարի դրան: Որպես օրինակ նա բերեց հայ ռազմագերի Էրիկ Խաչատրյանի պատմությունը: Պատգամավորի խոսքով ՝ սոցիալական ցանցերում տեղեկատվություն տարածվելուց հետո, որ նա կվերադարձվի հայրենիք, Բաքուն մտափոխվեց և Խաչատրյանի փոխարեն վերադարձրեց մեկ ուրիշի։

«Երեկ առավոտյան Ռուսաստանից հաղորդագրություններ ստացա, որ Մարալն արդեն Ստամբուլում է և 21: 30-ին մեկնում է Բեյրութ: Շատերը չէին հասկանում, թե ինչու արեցի «Այս պահին մեր աղոթքները ձեզ հետ ենք» գրառումն», - ասաց Զոհրաբյանը:

Նաջարյանին Բեյրութում դիմավորել են նրա հարազատները: Պատգամավորը խոսել է նրանց հետ, Մարալն այժմ հյուծված է, պետք է լիարժեք բուժզննում անցնի:

Ըստ Զոհրաբյանի, Ադրբեջանում, ենթադրաբար, դեռ երեք կին է շարունակում գերության մեջ մնալ։

Մարալ Նաջարյանը Լիբանանի և Հայաստանի քաղաքացի է. 2020-ի օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո նա իր հարազատների հետ տեղափոխվել է Հայաստան, ապա հաստատվել Շուշիում: Նաջարյանին ադրբեջանցիները գերեվարվել են նոյեմբերի 10-ին Բերձորում (Լաչին), երբ նա մեկնել էր Արցախ ՝ վերցնելու իր անձնական իրերն ու ունեցվածքը:

Պատերազմը սկսվելուց հետո քույրերը տեղափոխվել էին Գորիս, բայց նրանց իրերը մնացել էին Ղարաբաղում: Հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո, նոյեմբերի 10-ին, Մարալ Նաջարյանը, կարծելով, որ կարող է ապահով կերպով տեղափոխել ունեցվածքը, իր ծանոթի՝ նույնպես Սփյուռքից տեղափոխված Վիգեն Էուլեջեկչյանի հետ մեկնել էր Բերձոր, հետո՝ Շուշի: Դրանից հետո նրանք անհետացել էին: