Բավ է պառակտվել
02-06-2020 14:55

Ժամանակին միջոցառումներ չիրականացնելով Սևանա լիճը կարող ենք կորցնել

«Սևանա լճում արդեն արձանագվել է ֆոսֆորի քանակության որոշակի սպառում, ինչը խոսում է այն մասին, որ արդեն սկսվել է Սևանա լճի ծաղկման առաջնային փուլը»,- ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։

Նա նշեց, որ դեռ չի կարող խոսել ծաղկման ծավալների մասին, քանի որ Սևանա լճի էկոհամակարգը բազմաշերտ է, շատ գործոններ են ազդում ընդհանուր պրոցեսների վրա։
«Երբ արձանագրում ենք կապտականաչ ջրիմուռների աճ, փաստացի մտնում ենք լճի ճահճացման փուլ, որը վտանգավոր է։ Կա անվերադարձ նիշ, եթե չկարողանանք ժամանակին միջոցառումներ իրականացնենք ու կանխենք օրգանական զանգվածի ներհոսքը դեպի լիճ, կարող ենք լիճը կորցնել։ Ամենակարևորը՝ նվազեցնել օրգանական նյութի ներհոսքը։
Փոխնախարարը հավաստիացրել է, որ պարբերաբար վերահսկում են, նմուշառում Սևանա լճի ջուրը՝ հասկանալու, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում, և կանխատեսելու՝ արդյոք լինելու է կանաչումը և ինչ ծավալով:
«Մենք դեռևս անցյալ տարի գիտնականների և մասնագետների հետ մի շարք խորհրդակցությունների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ կանաչումը մեզ հետ է լինելու պարբերաբար՝ հաշվի առնելով, որ բացասական ներգործությունը Սևանա լճի էկոհամակարգի վրա եղել է տասնամյակների ընթացքում»,- ասաց Ղափլանյանը:
Իսկ արդյոք ծաղկման դեպքում կթույլատրվի լողալ լճում, թե ոչ, արդեն կախված կլինի մասշտաբայնությունից, լիազոր մարմինները հանրությանը կներկայացնեն իրավիճակը։

Փոխնախարարը մատնանշում է, որ գլխավոր խնդիրներից է ջրի մակարդակի իջեցումը, տարիների ընթացքում բացասական ներգործություն ունեցել են ջրի վրա կենցաղային ու այլ կեղտաջրերի ներհոսքը։ Ղափլանյանն ասում է, որ ազդող գործոններից մեկն էլ եղել է գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը։ ՀՀ տարածքում 1,3 աստիճանով ջերմաստիճանի տաքացում է եղել, իսկ ջերմաստիճանի բարձրացումը հավելյալ բացասական գործոն է և նպաստել է ծաղկմանը։

Փոխնախարարն տեղեկացրեց նաև,որ այս փաստերը հաշվի առնելով ծավալուն փաստաթուղթ են ներկայացրել իրենց գործընկերներին, հատկապես Եվրամիությանը, որի աջակցության միջոցով իրականացվելու է Սևանի էկոհամակագրի վերականգման ծրագիր։ Նախատեսվել է 5 միլիոն եվրո։