Բավ է պառակտվել
27-10-2021 12:05

Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտում երթևեկության քարտային վճարման համակարգ․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ներդնել հասարակական տրանսպորտում երթևեկության քարտային վճարման համակարգ, հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Մոտ ապագայում ավտոբուսները կանցնեն քարտային համակարգի։ Անկանխիկ համակարգը կընդունի բոլոր տիպի քարտերն»,- ասել է նա երեքշաբթի ավագանու նիստի ընթացքում։

Նախօրեին ավագանին կողմ է քվեարկել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 67,8մլն դրամով ավելացնելուն, որն ուղղվելու է 405 հաշվիչի (մետաղադրամների ընդունման մեքենաներ) ձեռքբերմանը։

Մարությանի խոսքով՝ երթուղիներում գործարկվող բոլոր նոր ավտոբուսները կհամալրվեն հաշվիչներով՝ ուղևորների հարմարավետության համար, որպեսզի նրանք ստիպված չլինեն տոմսեր գնել։ Հետագայում հաշվիչներին զուգահեռ կտեղադրվեն ուղեվարձի անկանխիկ վճարման համակարգեր։

«Այս գործընթացը կարող է տևել վեց ամիս կամ մեկ տարի։ Սա անցումային փուլ է, որը մենք չենք կարող բաց թողնել։ Ես դեմ եմ կտրուկ փոփոխություններին։ Պետք է աստիճանաբար փոփոխություններ անենք, որպեսզի մարդիկ հարմարվեն»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը։

Օրերս հանրապետություն է առաքվել 8,6 մետր երկարությամբ 211 նոր ավտոբուս, որոնք թղթաբանության ավարտից հետո կմտցվեն երթուղի։