16-11-2018 14:32

Կաթողիկոսի անվտանգությունը չի ապահովվի հատուկ պետական պաշտպանությամբ

Ուրբաթ օրը Հայաստանի Ազգային ժողովը չի ընդունել “Հավաքների ազատության մասին” և “Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին” օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը, որոնք վերաբերում են “Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությանը։

Օրինագծերը, որոնց հեղինակներն են Հայաստանի նախկին իշխող՝ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավորները, չեն հավաքել բավարար քանակի “կողմ” ձայն։

Օրենքների նախագծերի հեղինակներն առաջարկում էին, մասնավորապես, փոփոխություններ մտցնել, համաձայն որոնց հավաքներն ու ցույցերը պետք է անցկացվեն Հայ Առաքելական եկեղեցու տարածքներից որոշակի հեռավորության վրա, իսկ կառավարությունը պարտավորություն ստանձնի հատուկ պետական պահպանություն տրամադրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել երկու օրինագծին, հիմնավորելով, որ անհրաժեշտության դեպքում Կաթողիկոսը կարող է անձամբ դիմել վարչապետին պաշտպանության համար, ով համապատասխան մարմիններին կհանձնարարի անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել։

Փոփոխությունները լարված բանավեճի պատճառ են դարձել խորհրդարանում: Իշխանամետ պատգամավորները կոչ են արել չվերածել Կաթողիկոսի “անվտանգության” հարցի քննարկումը կրոնական հարցերի և Հայաստանի կյանքում Հայ Առաքելական Եկեղեցու հատուկ դերի ճանաչմանը կամ չճանաչմանը:

“Ելք” խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը, տարակուսանք է հայտնել օրինագծերի կապակցությամբ, ըստ որոնց` նրա խոսքերով, “Ամենայն Հայոց կաթողիկոսին պետք է պաշտպանել բոլոր հայերից”։

Մեկ այլ իշխանամետ պատգամավոր Սասուն Միքայելյանն ասել է․“Եթե վեհափառը չի կարում այսօր ժողովրդի մեջ շրջի, դա իրա պրոբլեմն է”։

Մինչդեռ խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը կարևորել է օրինագծերը՝ կոչ անելով բոլորին կողմ քվեարկել:

Առաջին օրինագծին կողմ քվեարկել է 43 պատգամավոր անհրաժեշտ 53-ից։ Երկրորդ օրինագծին կողմ է քվեարկել միայն 28 պատգամավոր:

Շարմազանովն օրինագծերի քվերակությունը գնահատել է որպես “անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկություն” և լքել է նիստերի դահլիճը։ Նրան հետևել են մի շարք այլ պատգամավորներ։