Բավ է պառակտվել
24-08-2016 14:13

Ասպարտամ պարունակող գազավորված խմիչքների անվտանգությունը երաշխավորված չէ

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվա­վերլուծական կենտրոնը Երևանի սպառողական շուկայում իրականացրել է գազավորված ըմպելիքներում ասպարտամի առկայության և պահպանման պայմանների պիլոտային ուսումնասիրություն:

Ուսումնասիրությունն անցկացվել է` հաշվի առնելով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների մեջ ասպարտամ (E 951) նյութի առկայության հետևանքով հնարավոր առողջական ռիսկերի հետ կապված խնդրի արդիականությունը, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից խնդրի նկատմամբ հետաքրքվածությունը։

Մասնագետները կարծում են, որ, հաշվի առնելով շոգ եղանակային պայմանները, խիստ կարևոր է ասպարտամ պարունակող ըմպելիքների պահման ջերմային ռեժիմի պահպանումը: Ուսումնասիրվել են լայն սպառում ունեցող գազավորված ոչ ալկոհոլային ըմպե­լիքների տարայի վրա մակնշված տեղեկատվությունը, ինչպես նաև վաճառակետերում պահպանման պայմանները:
Հաղորդագրության համաձայն, ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ մի շարք տնտես­վարող սուբյեկտների կողմից արտադրվող գազավորված զովացուցիչ ըմպելիքների («Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի Բայկալ ըմպելիք, «Վանց գրուպ» ՍՊԸ-ի Zuzu և Լիդեր կոլա, «Թամարա և Անի» ՍՊԸ-ի Juicinad ֆրուտմիքս, ինչպես նաև «Յունիոն» ՍՊԸ-ի Հայ կոլա) բաղադրության մեջ առկա է ասպարտամ:

Հատկանշական է, որ ուսումնասիրված բոլոր ըմպելիքների վրա առկա է պահման պայմանների վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես՝ պահել զով չոր տեղում՝ 0-18°C բացառությամբ՝ Բայկալ ըմպելիքի (պահպանումը՝ 2-12°C ջերմաստիճանի պայման­ներում):

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ Երևանում վերջին օրերին օդի միջին ջերմաստիճանը 35°C-ից բարձր է, և մեծածախ առևտրի կետերում ըմպելիքները պահվում են ոչ պատշաճ կերպով, բաց պայմաններում, երբեմն՝ արևի ուղիղ ճառագայթների տակ: Փոքրածավալ կետերում առկա են միայն հովանոցներ, սակայն ըմպելիքները շարված են տաք ասֆալտի վրա:

«Հայտնի է, որ 30°C բարձր ջերմաստիճանի պայմաններում գազավորված ջրում առկա ասպարտամը տրոհվում է ֆորմալդեհիդի, մեթանոլի և ֆենիլալանինի, որոնք էլ մարդու առողջության վրա կարող են թողնել բացասական ազդեցություն: Հետևապես, հիմք ընդունելով ներկայիս եղանակային պայմանները, չի երաշխավորվում սպառողների անվտանգությունը», – նշվում է ուսումնասիրության մեջ։

Ասպարտամը շաքարը փոխարինող նյութ է։ Այն քիմիական նյութ է, որը 200 անգամ ավելի քաղցր է շաքարից և գրեթե կալորիաներ չի պարունակում, ինչի շնորհիվ ասպարտամ պարունակող մթերքն ունի ցածր կալորիականություն։ Ասպարտամն օգտագործվում է դիետիկ կոլայում, տարբեր տեսակի մաստակներում, Հայաստանում արտադրված մեծ թվով գազավորված ըմպելիքներում։