Բավ է պառակտվել
07-11-2019 15:53

Դատավոր Աննա Դանիբեկյանից արդարադատություն սպասելը միամտություն է. Լևոն Քոչարյան


ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանի համար կանխատեսելի էր դատարանի որոշումը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց,որ այս դատավորից ոչ մի ակնկալիք պետք չէ ունենալ արդարադատության իրականացման հարցում: «Ոչ մի վայրկյան չեմ զարմանում նրա հերթական ապօրինի որշման վրա», - ասաց Լևոն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ այսօր դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխելու մասին:
Անդրադառնալով մարզերում ի աջակցություն Քոչարյանի անցկացվող ստորագրահավաքին՝ նա ասաց, որ բավականին աշխույժ ու լավ է անցնում այդ ստորագրահավաքը:
Դիտարկմանը, որ մամուլը հակառակն է գրում, Լևոն Քոչարյանն ասաց. «Մամուլում ինչ ասես չի գրվում. մեր ընտանիքի հետ կապված ինչ հիմարություն, ինչ ստոր սուտ ասես գրվել է: Մամուլում գրվածը համարել վերին ատյանի ճշմարտություն, իհարկե, սխալ է: Անցած անգամ, երբ մենք զրուցում էինք, ես հարց տվեցի, թե ով է պատասխան տալու մեր ընտանիքի հանդեպ տարածվող ստի ու կեղծիքի համար, ինչ-որ մեկը պե՞տք է լինի, թե՞ ոչ»:
Լևոն Քոչարյանը նշեց, որ մինչև հիմա մարդիկ ինչ հիմարության ասես հավատում են: Այն հարցին, թե ինչո՞ւ ժամանակին չէին արձագանքում դրան, նա ասաց, որ չեն արձագանքել, որովհետև չեն մտածել, որ նման սուտն ու կեղծիքը կարող է մտնել մարդկանց մեջ, հիմա տեսնում են, որ այդ ամենն արմատացել են ու կեղծիքն արել է իր գործը:
Լրագրողները նաև պաշտպան Ռուբեն Սահակյանից հետաքրքրվեցին պատրաստվո՞ւմ են բողոքարկել դատարանի որոշումը և ի՞նչ հիմքով կարող էր մերժվել պաշտպանական կողմի միջնորդությունը, Սահակյանը նշեց,որ հավանաբար, հաշվի է առնվել մեղադրական կողմի փաստարկը, թե Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը:
«Ես վստահ եմ, որ դատավոր Դանիբեկյանը չի կարդացել միջնորդությունը, այն տողերը, որ ես գրավոր ներկայացրի նախորդ դատական նիստին, բաղկացած էր 5 էջից: Բացի դա Էստեղ չկա մեղադրանք, Գյուլնազ տատի հեքիաթի հետ չեմ կարող համեմատել, սա կարող եմ համեմատել գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյանի գրած հեքիաթի հետ»,- ասաց նա:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանից սպասելիքներին,ասաց, որ ամեն ինչ կախված է դատավորից, եթե գործն ընկնի դատավոր Ազարյանի մոտ, միանշանակ, կբավարարի իրենց հայցը:
Ի դեպ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, չի կարողանում այցելել հորը:
Հարցին՝ ի՞նչ հիմքով է տեսակցությունն արգելվել՝ Սահակյանը պատասխանեց.
«Դե հարցրեք իրենց էլի»,–ասաց փաստաբանը։

 

Արմինե Գևորգյան