Բավ է պառակտվել
08-05-2020 15:22

ՀՀ և Արցախի նախկին վարչապետները երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր վերսկսվել է մարտի 1-ի գործով դատավարությունը:
Քիչ առաջ դատարան ներկայացան ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, որոնք անձնական երաշխավորություն են ներկայացրել սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար:
Մինչ այդ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ներկայացրեց անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատելու միջնորդությունը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը ճշտեց երաշխավորների ինքնությունը, բացատրեց նրանց իրավունքներն ու պարտականությունները:
Դատարանի կողմից երաշխավարողները նախագզուշացվելուց և իրենց պարտավորություններին ծանոթանալուց հետո պնդեցին իրենց երաշխավորությունը, որ կալանքից ազատվելու դեպքում երաշխավորում են Ռոբերտ Քոչարյանի վարույթն իրականացնող մարմնից չթաքնվելը, չխոչընդոտելն ու պատշաճ վարքագիծ դրսևորելը ողջ դատավարության ընթացքում և ստորագրեցին դատարանի կազմած արձանագրության տակ:
Դատարանը հայտնեց, որ նրանց ներկայությունն այլևս անհրաժեշտություն չէ և նրանք հեռացան դատական նիստերի դահլիճից: Դատարանը շարունակում է քննել միջնորդությունը:

 

 

Արմինե Գևորգյան