Բավ է պառակտվել
11-03-2020 13:24

ՀԴԲ նախկին գործակալը պատմում է, թե ի՞նչ կարելի է իմանալ մարդու մասին նրա մազերից

Կանայք օրվա ընթացքում հարյուր անգամ դիպչում են իրենց մազերին: Մի փոքր ավելի հազվադեպ, եթե վարսերը չոր են, վնասված կամ կոշտ: Երբ հեռացնում ենք մազափունջը դեմքից և ուղղում ենք սանրվածքը, դա նշանակում է՝ «եկեք գործի անցնենք»: Այնուամենայնիվ, գրեթե յուրաքանչյուր շարժում ունի իր վերծանումը: ՀԴԲ նախկին գործակալ, ոչ վերբալ հաղորդակցման մասնագետ և «Ի՞նչ է ասում մարմինը» բեսթսելլերի հեղինակը, Ջո Նավարոն Vogue-ին պատմել է, թե ինչպես վերծանել թաքնված լեզուն:

Որքանո՞վ են կարևոր մազերը ոչ վերբալ հաղորդակցման ժամանակ

«Մազերի վիճակը շատ բան է ասում մարդու տարիքի, առողջության, հիգիենայի, մշակույթի, սոցիալական միջավայրի և մասնագիտական զբաղվածության մասին: Մազերը նաև օգնում են մեզ աչքի ընկնել․որքան ավելի առողջ և խնամված են մազերն, այնքան ավելի լավ են ընկալում մեզ շրջապատի մարդիկ։ Պետք չէ մոռանալ, որ դա առաջին բանն է, որին մարդն ուշադրություն է դարձնում հեռվից»:

Ի՞նչ են ամենից հաճախ բացահայտում մեր մազերը

«Նորմալ հուզական առողջություն ունեցող մարդը կհոգա իր մազերի մասին։ Իսկ նա, ով ընկճված է՝ ոչ մի ուշադրություն չի դարձնի դրանց վրա: Օրինակ, կարևոր ժամադրությունից առաջ առաջին բանը, որ դուք ստուգում եք հայելու դիմաց, սանրվածքն է։ Երբ մենք ուզում ենք, որ մեզ նկատեն, ավելի հաճախ ենք մատներով անցնում մազերի վրայով։ Մեզ համար համակրելի մարդու հետ զրուցելիս, ավելի հաճախ ենք մազափունջը մատի վրա փաթաթում։

Որքան մարդու կարգավիճակը բարձր է, այնքան ավելի դանդաղ և սահուն է նա շարժվում, սա վերաբերում է նաև նրան, թե ինչպես է նա դիպչում իր մազերին: Եթե ձեր զրուցակիցը խոսակցության ընթացքում փորձում է աչքերը ծածկել մազերով՝ ամենայն հավանականությամբ նա ինչ-որ բան է թաքցնում կամ կիսատ է ասում։ Ի դեպ, երեխաները հաճախ են դա անում: Իսկ մազերը դեմքից հեռացնելով կամ ականջի հետև տանելով, հակառակը, մարդն արտահայտում է իր հետաքրքրությունը»:

Օգտագործու՞մ ենք մազերը սեթևեթելիս

«Մազերը սեթևեթելու հիանալի գործիք են. դիպչեք ձեր սանրվածքին, խաղացեք գանգուրների հետ, գցեք ուսերից հետ, և զրուցակիցն աչքը չի կտրի ձեզնից»։

Օգնու՞մ են մազերն ընդգծել պրոֆեսիոնալիզմը

Աշխատանքային պայմաններում, հավաքած մազերը խոսում են բնավորության ամրության և վճռականության մասին։ Մազերը բարձրացնելիս կամ ձեռքի տակ եղած առարկայով, օրինակ՝ մատիտով ամրացնելիս, կանայք ցուցաբերում իրենց պատրաստակամությունը լուծել խնդիրները։ Իսկ ցածր հավաքած պոչիկը խոսում է մտախոհության մասին։

Հնարավո՞ր է փոխել վարքագիծը մազերի կտրվածքի օգնությամբ

«Ֆիլմերում մենք հաճախ ենք տեսնում նմանատիպ օրինակներ. կինն, ով սովորաբար ձիգ հավաքում էր մազերը, հանկարծ բաց է թողնում դրանք, և ամեն ինչ անմիջապես փոխվում է: Նա անմիջապես ուրիշ տեսք է ստանում` շատ ավելի աշխույժ և սեքսուալ»:

Ի՞նչ է ասում մարդու մասին մազերի կտրվածքի կամ գույնի հաճախակի փոփոխությունը

“Եթե կինը սիրում է խաղալ իր արտաքինով, կարելի է ենթադրել, որ նա համարձակ է, ունի իր սեփական կարծիքը գեղեցկության մասին և կախված չէ շրջապատի կարծիքից։ Փոփոխվելու ցանկությունը խոսում է նաև նրա հետաքրքրասիրության մասին։ «Ինչպե՞ս կարձագանքեն բոլորը, երբ տեսնեն ինձ։ Ինչպե՞ս ես կզգամ ինձ կառե կտրվածքով»։ Բացի այդ, փոխակերպումների նկատմամբ սերը վկայում է ավելի արժեքավոր լինելու ցանկության մասին․ չէ՞ որ ով ռիսկի է դիմում, ավելի մեծ հարգանք է առաջացնում»։

Որպես ՀԴԲ գործակալ, հիշո՞ւմ եք դեպքեր, երբ մազերը կարևոր դեր են ունեցել հետաքննության մեջ

«Այո, մի անգամ կասկածյալը փորձել էր թաքնվել՝ ներկայանալով կանացի կերպարանքով: Դիտարկման ընթացքում մենք նկատեցինք, որ մազերին դիպչելիս նա դա չի անում, ինչպես կինը կաներ․ չի խաղում իր երկար մազերի հետ, չի փաթաթում մատներին, կարծես նրան դուր չի գալիս կպչել իր մազերին։ Այսպես մենք հասկացանք, որ դա կեղծամով տղամարդ է: Մազերի հետ խաղալը խթանում է գլխի նյարդային վերջավորությունները և հանգստացնող ազդեցություն ունենում. կեղծամով հանցագործը չէր կարող զգալ դա, ինչը և մատնեց նրան»: