Բավ է պառակտվել
24-11-2020 11:00

ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը միացել է հացադուլին Փաշինյանի հրաժարականի պահանջով

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը Կառավարության դիմաց հացադուլ է հայտարարել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաեւ երեկվանից հացադուլի մեջ գտնվող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ նշելով.
«Հացադուլին միանալ է ցանկանում ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը։ Հավելյալ պահանջով՝ Սահմանադրական կարգը տապալելու փաստով։ Խնդրում ենք նրան տարիքի ու առողջականի պատճառով չմիանալ»:
Կառավարության մոտ լրագրողների հարցերին ի պատասխան՝ Կիմ Բալայանը նշել է, որ հացադուլը ծայրահեղ քայլ է. «Ես համոզված էլ չեմ, որ կարող եմ երկար ձգել, բայց հանուն հայրենիքի եթե մեր քաջ զինվորները գնացին զոհվեցին, ես էլ պատրաստ եմ այստեղ մեռնել՝ արդարության հասնելու համար: Հացադուլ եմ հայտարարել՝ մինչեւ իր հրաժարականին հասնելը»:
Բալայանը հավել է, որ Փաշինյանը խախտել է սահմանադրական կարգը, «Ես կարծում եմ, որ իրավական ճանապարհով պետք է բոլոր հարցերը լուծվեն: Նիկոլ Փաշինյանը, խախտելով սահմանադրական կարգը, փաստորեն կնքել է միջազգային պայմանագիր, սակայն դա ընթացակարգերով չի սահմանվել: Պայմանագիրը նախեւառաջ պետք է բերվեր ՍԴ, ՍԴ-ն պետք է որոշեր, որ պայմանագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, պետք է այն գնար ԱԺ եւ վավերացվեր: Այդ կարգը նա խախտել է, հետեւաբար տապալել է սահմանադրական կարգը: Սահմանադրական կարգը տապալելու համար գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն պատավոր են քրգործ հարուցել եւ նրան քրեական պատասխանատվության ենթարկել: Միակ պահանջս դա է, որ քրեական պատասխանատվության ենթարկել և տա իր հրաժարականը: Այսինքն, հրաժարական կարող է և չտալ, որովհետեւ նախնական կալանքի վերցնելու պարագայում նա արդեն զրկված կլինի իր լիազորությունների իրականացումից»,–ասաց Բալայանը։
Նշենք, որ Կիմ Բալայանը պաշտպանության՝ արդեն նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանի, ինչպես նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի հայրն է:

Արմինե Գևորգյան