Բավ է պառակտվել
28-01-2022 18:14

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է Արցախում 44-օրյա պատերազմում զոհված հայ զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետծառայությունը։
Նրա ինքությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
«2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն»,- ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում:
2020թ․ Արցախում 44-օրյա պատերազմի մասին
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիա են իրականացրել Արցախի դեմ ճակատում և թիկունքում՝ հրթիռահրետանային զենքերի, ծանր զրահամեքենաների, ռազմական ինքնաթիռների և արգելված տեսակի զենքերի (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք) գործադրմամբ։ Հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական և ռազմական օբյեկտներին Հայաստանի տարածքում։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն, կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում. Շուշի, Աղդամ, Քելբաջար և Լաչին շրջանները անցնում են Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին տարածաշրջանի զարգացման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։
Ըստ հայկական կողմի վերջին տվյալների, որոնք ընթացիկ տարվա հունվարին հրապարակել է ՀՀ քննչական կոմիտեն՝ Արցախում 44-օրյա պատերազմում զոհվել է 3809 մարդ, անհետ կորած է համարվում 199 զինծառայող և 21 քաղաքացիական անձ; ադրբեջանական գերությունից վերադարձվել է 141 զինծառայող և քաղաքացիական անձ։