Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ուղերձ է հղել Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ։
Ուղերձում ասվում է. «Հունիսի 5-ին երկրագնդի բնակչությունը նշում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Այն հերթական հնարավորությունն է հասարակության ուշադրությունը բևեռելու բնապահպանական խնդիրների վրա: Օրվա խորհուրդը հատկապես կարևոր է մեր ժողովրդի համար: Դարեր շարունակ մենք երազում ենք միասնական հզոր Հայաստանի մասին, բայց այսօր կանգնած ենք ճակատագրով մեզ բաժին հասած հայրենի բնօրրանի այս փոքր մասի բնաշխարհը պահպանելու և արժանապատվորեն սերունդներին փոխանցելու խնդրի առաջ: Այդ պատճառով շրջակա միջավայրի օրը չպետք է սահմանափակվի միայն հունիսի 5-ով, այլ պետք է լինի տարվա յուրաքանչյուր օր, որպես հերթական առիթ՝ վեր հանելու և լուծելու բնապահպանական խնդիրները՝ ի շահ մեր քաղաքացիների բարօրության ու բարեկեցության, ապագա սերունդների բնականոն կյանքի:
Հայրենի բնության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը, ինչի գիտակցումը մեզ պետք է ուղեկցի ամենուր և ամեն վայրկյան: Բնապահպանությունը պետք է իր կայուն տեղն ունենա մեր ժողովրդի հիմնարար արժեքների կողքին և վերածվի Հայոց պետականության զարգացման կայուն հենասյուներից մեկը:
Մարդը պետք է բնությունից վերցնի այնքան, ինչքան անհրաժեշտ է առաջնային կենսական պահանջները բավարարելու համար: Այսօր մենք մայր բնության սահմանափակ ռեսուրսները շռայլելու իրավունք չունենք:
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ համատեղել մեր ջանքերը հայրենի բնաշխարհի պահպանության և այն սերունդներին փոխանցելու սուրբ գործի համար»: