Բավ է պառակտվել
04-12-2018 16:45

Հայաստանի ԶՈւ մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ Պաշտպանության նախարարություն (ժամանակագրություն)

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է ուսումնամարզական թռիչք իրականացնող մարտական գրոհիչ ինքնաթիռի հետ կապը կորցնելու մասին։

“Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ”,- ասվել է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարությունում նշել են, որ ինքնաթիռը թռիչքային երթուղի է դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:
“Ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ”,- ասվել է հաղորդագրության մեջ։

Գյումրիի շրջակայքում անհետացած ինքնաթիռը հայտնաբերվել է, օդաչուները չեն փրկվել

Հայտնաբերվել է Գյումրիի շրջակայքում անհետացած Հայաստանի ԶՈւ մարտական գրոհիչ ինքնաթիռի վթարի վայրը, Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր ուսումնամարզական թռիչք իրականացնող մարտական գրոհիչ ինքնաթիռի հետ կապը կորցնելու մասին։ Ըստ գերատեսչության տվյալների, դեկտեմբերի 4-ին ժամը 10.06-ին ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել Գյումրիի օդանավակայանից, ժամը 10.20-ին կապը նրա հետ կորել է։

“Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, մայոր Մանուկյան Մովսես”,- գրել է Հովհաննիսյանը։
Նա նաև ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցությամբ։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Շիրակում անհետացած գրոհիչ ինքնաթիռի զոհված օդաչուների լուսանկարները

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի զոհված օդաչուներ՝ փոխգնդապետ Բաբայան Արմենի և մայոր Մանուկյան Մովսեսի լուսանկարները։
Ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր ուսումնամարզական թռիչք իրականացնող մարտական գրոհիչ ինքնաթիռի հետ կապը կորցնելու մասին։ Ըստ գերատեսչության տվյալների, դեկտեմբերի 4-ին ժամը 10.06-ին ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել Գյումրիի օդանավակայանից։
“Դեկտեմբերի 4-ին մոտավորապես ժամը 10.20-ին Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի մոտակայքում անհետացել է ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռ։ Վթարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու փոխգնդապետ Բաբայան Արմենը և 3-րդ կարգի օդաչու մայոր Մանուկյան Մովսեսը։ Նախարարությունը խորին ցավակցություններ է հայտնում օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին”,-ասվել է հաղորդագրության մեջ։