Բավ է պառակտվել
19-05-2022 20:34

Հայաստանում ապաստան է խնդրել Ուկրաինայի ավելի քան 200 քաղաքացի, երկիր է ժամանել Ռուսաստանի 142 117 քաղաքացի

Ռուս-ուկրաինական իրադարձությունների հետ կապված զգալիորեն ավելացել է Հայաստան ժամանող Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների թիվը։ Ուկրաինայի 200 քաղաքացի, որոնց կեսից ավելին հայեր են, արդեն ապաստան են խնդրել Հայաստանում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի միգրացիոն ծառայության հասարակայնության հետ կապերի մասնագետ Նելլի Դավթյանն ընդգծեց, որ Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացիները որպես ԵԱՏՄանդամ պետության քաղաքացի ազատվում են աշխատանքի և կացության թույլտվություն ստանալուց։ Նրանք իրավունք ունեն ազատորեն մինչև 180 օր մնալ Հայաստանում։

«Եթե իրենց աշխատանքային գործունեությունն ավելի երկար է ձգվելու, Միգրացիոն ծառայությունն իրենց տալիս է փաստաթուղթ այն մասին, որ օրինական են բնակվում և աշխատում Հայաստանում: Տրվում է տեղեկանք՝ պլաստիկ քարտի տեսքով: Այն տրամադրվում է անվճար բավականին սեղմ ժամկետում՝ 1 շաբաթից 10 օրում»,- պարզաբանեց Նելլի Դավթյանը։

Հայտը պետք է ներկայացնել առցանց՝ workpermit.am կայքի միջոցով։ Քարտը տրամադրվում է աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետով, օրինակ, եթե ՌԴ քաղաքացին 5 տարվա պայմանագիր է կնքել Հայաստանում գործող ընկերության հետ, ապա ստանում է 5 տարի ժամկետով վկայական։ Իսկ եթե պայմանագիրը կնքվում է անժամկետ, ապա տեղեկանքը տրվում է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 142 117 ՌԴ քաղաքացի, համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացիների թիվը եղել է 43 045 մարդ։ Ընդ որում, այս տարվա հունվարին Հայաստան է ժամանել Ռուսաստանի 47 381 քաղաքացի, փետրվարին՝ 40 036, մարտին՝ 54 700։ 2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից գնացել է 138 111 ՌԴ քաղաքացի։ Տարբերությունն, այսինքն սահմանահատումների մնացորդի թիվը շուրջ 4000 է, սակայն Նելլի Դավթյանն ընդգծեց, որ դա չի նշանակում, որ Հայաստանում եռամսյակային տվյալներով կար ընդամենը 4000 ՌԴ քաղաքացի։ ««Այդ թիվը փոքր է, քանի որ հունվար ամսին, նաև փետրվարին ՌԴ քաղաքացիների ելքը շատ մեծ է եղել: Հնարավոր է, որ այդ ելքի մեջ արտացոլված են ՌԴ քաղաքացի հանդիսացող հայ աշխատանքային միգրանտները, որոնք գարնանը, ձմռանը մեկնում են ՌԴ-ում աշխատելու»,- պարզաբանեց նա:

Հունվարին Հայաստանից մեկնել է 55 125 ՌԴ քաղաքացի, փետրվարին՝ 38 548, մարտին՝ 44 438։ Հունվարին ՌԴ քաղաքացիների ներհոսքի և արտահոսքի տարբերությունը բացասական է եղել, այնուհետ ՌԴ քաղաքացիների մեծ հոսք է եղել Հայաստան, արդյունքում՝ այդ բացասական թիվը նվազել է, դարձել է դրական, հասել է 4000-ի, սակայն պետական ​​ռեգիստրում գրանցված իրավաբանական անձանց թիվը եռամսյակային կտրվածքով գերազանցել է 1500-ը։ Նելլի Դավթյանը նկատեց, որ դժվար թե 4000-ից 1500-ը գրանցվեին որպես իրավաբանական անձ: Իրականում այս ցուցանիշը անգամներով մեծ է։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիներին, ապա այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել Ուկրաինայի 5938 քաղաքացի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2531-ի դիմաց։ Ընդ որում հունվարին Հայաստան ժամանած Ուկրաինայի քաղաքացիների թիվը կազմել է 2079, փետրվարին՝ 1597, իսկ մարտին՝ 2262, սակայն եռամսյակի տվյալներով Հայաստանից մեկնել է Ուկրաինայի 5631 քաղաքացի։ Սահմանահատումների մնացորդը 307 է, համեմատության համար նշենք, որ 2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով սահմանահատումների մնացորդը եղել է 68։ Ավելին, այս տարվա հունվարին և փետրվարին, տարբերությունը բացասական է եղել, մարտին՝ արդեն դրական։: Եռամսյակի տվյալներով՝ Հայաստանում մնացած մոտՈւկրաինայի 300 քաղաքացիներից 200-ը ապաստան է հայցել Հայաստանում։

Հայաստանում ապաստան հայցող Ուկրաինայի քաղաքացիների թվում, այսինքն` փախստականի կարգավիճակ խնդրող Ուկրաինայի քաղաքացիների թվում են ազգությամբ հայեր: «Այս պահին ունենք ավելի քան 200 անձից նմանատիպ հայցադիմում, որոնց 60 տոկոսն ազգությամբ հայեր են, 40 տոկոսը՝ ազգությամբ ուկրաինացիներ»,-ասաց Դավթյանը:

Փախստականի կարգավիճակ ստանալուց հետո այդ անձինք կունենան Հայաստանում օրինական բնակության իրավունք, նրանց կտրամադրվի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որը վավեր է աշխարհի շուրջ 160 երկրում, որոնք առաջնորդվում են ապաստանի տրամադրման նույն ընթացակարգով։ Հայաստանից ապաստան հայցած Ուկրաինայի քաղաքացիների մասով այս պահին դեռևս որոշումներ չկան, ընթացակարգը ոչնչով չի տարբերվում մյուս ապաստան հայցողների ընթացակարգից: Որոշման կայացման համար նախատեսված է 3 ամիս: Երբ նախադեպային որոշումը կայացվի, մնացածը, որոնք նույնանման գործեր են, ավելի արագ կընթանան: