Բավ է պառակտվել
11-02-2022 15:38

Հարցված երևանցիների կեսից ավելին դեմ է արտահայտվել հայ-թուրքական սահմանի բացմանը

Հարցված երևանցիների կեսից ավելին դեմ է արտահայտվել հայ-թուրքական սահմանի բացմանը։ Այս մասին են վկայում «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանի ներկայացրած հարցման տվյալները։

Ըստ հարցման արդյունքների՝ սահմանի բացմանը կտրականապես դեմ է արտահայտվել քաղաքացիների 54,6 տոկոսը։ Հարցման մասնակիցների ևս 7,6 տոկոսը «ավելի շուտ դեմ» է։ Հարցվածների 6,9%-ը միանշանակ կողմ է այս քայլին, ավելի շուտ այո է ասել հարցվածների 15,6%-ը։

Հարցումն անցկացվել է Երևանում հունվարի 24-ից փետրվարի 2-ը, որին մասնակցել է 800 քաղաքացի։

Հայ-թուրքական առաջին հանդիպման մասին

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և փորձառու թուրք դիվանագետ, ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնեցին, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի շուրջ։

Փետրվարի 3-ին Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը հայտնեց, որ Ռուբինյանի և Քըլըչի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում։