Բավ է պառակտվել
09-03-2021 13:13

Որսագողություն Սյունիքում․ «էկո-պաշտոնյան» կասկածվում է վարազի անօրինական որսի մեջ

Ոստիկանությունը Հայաստանի Սյունիքի մարզում որսագողության դեպքի առնչությամբ նյութեր է հավաքում։ Տարվում է քննություն։

Բնության պահպանության համար պատասխանատու պաշտոնյաները վարազի անօրինական որս են կազմակերպել Հայաստանի Սյունիքի մարզում, հայտնում է Econews.am բնապահպանական կայքը։

Ըստ կայքի տվյալների, փետրվարի վերջին անօրինական որսին մասնակցել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը, ինչպես նաև «Մաքս ֆիշ» ՍՊԸ ղեկավարը։ Նշվում է, որ Բավոյանը մոտ օրերս պետք է տեսչական ստուգում անցկացներ ընկերությունում։

Բնության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը կայքին տված հարցազրույցում հաստատել է տեղեկությունները, հայտնելով, որ մեքենայում, որտեղ հայտնաբերվել է վարազի սառեցված միսը, եղել է 4 մարդ։ Նրանցից մեկը՝ հաստատ Բնության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի մարզի տարածքային բաժնի պետը։

«Աշխատանքների արդյունքում կասկած է եղել, որ տվյալ մեքենան մարզում է գտնվում ապօրինի որս կատարելու նպատակով։ Դիմել ենք ոստիկանություն, հայտնելով ապօրինի որսի մասին մեր կասկածները։ Մեքենան կանգնեցրել են, խուզարկել և հայտնաբերել 26.5 կգ փաթեթավորված սառեցված վարազի միս»,- նշել է Սահակյանը։

Մեքենայում գտնվող մարդկանց մոտ եղել են իրենց անվանը կցված որսորդական հրազեն և փամփուշտներ։
Բնապահպաններին ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Միաժամանակ, ոստիկանությունը դեռևս չի հայտնել որսի մասնակիցների անունները։

Մինչդեռ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունում հերքել են տեղեկությունն այն մասին, որ մեքենայում է եղել «Խոսրովի անտառ» արգելոցի փոխտնօրենը։

Բնապահպանները հիշեցնում են, որ սիրողական ոսրսաշրջանն ավարտվել է փետրվարի 15-ին։ Ավելին, համաձայն շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանի՝ վարազների որսն արգելվում է։