Որսագողերն ապօրինի կերպով այծյամ են որսացել «Դիլիջան» ազգային պարկում, հայտնում է հանրապետության բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդման համաձայն, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի վերջին, բայց այդ մասին հայտնի է դարձել երկուշաբթի։ «Մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել "Դիլիջան" ազգային պարկ" ՊՈԱԿ-ի" Գոշ" տեղամասի 6-րդ պահաբաժնի տարածք: Նրանց թվում է եղել նաև Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Վ.Ա.-ն, ով ապօրինի որսացել է մեկ այծյամ»,– ասվում է հաղորդման մեջ։
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները համատեղ շրջագայության ժամանակ հայտնաբերել են որսագողություն իրականացնող անձանց:
Տեղում կազմվել է արձանագրություն որսագողության դեպքի մասին, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: