Բավ է պառակտվել
01-06-2021 09:59

Սպանվել է Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբայրը (լուսանկարներ, տեսանյութ)

Հայաստանի քննչական կոմիտեն երկուշաբթի հայտնել է Արմեն Ասատրյանին պատկանող «Լեքսուս 570» ավտոմեքենայի վարորդի սպանության մասին։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ սպանվածը Դոն Պիպո մականունով «քրեական հողինակություն» Արթուր Ասատրյանի եղբայրն է։

Ըստ ՔԿ մամլո ծառայության, ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում Վաղարշապատի հիվանդանոցի Շտապ Օգնության բաժանմունքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Մարգարա -Զվարթնոց ավտոճանապարհի հատվածում հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ է հայտնաբերվել:

Նույն օրը` ժամը 18:30-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հրշեջ ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտերում «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենա է այրվում, որի մեջ հայտնաբերվել է 13 հատ 5,45 տրամաչափի կրակված պարկուճ, մեկ հատ կրակված գնդակ և «ԱԿՍՈՒ» մոդելի ինքնաձիգ՝ դատարկ պահեստատուփով:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհին՝ Երևան-Էջմիածին կամրջից 400 մետր հեռավորությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով, «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենայի սրահից իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխելով Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտեր՝ այրել է այն և դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով մահացել է «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արմեն Ասատրյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հայտարարությունում: