Բավ է պառակտվել
27-09-2019 21:49

Սերժ Սարգսյանի եղբայրը փոխհատուցել է նախկին ոստիկանապետի հասցրած շուրջ 54մլն դրամի վնասը

Հայաստանի քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը փոխհատուցել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը հասցրած 54,78մլն․դրամի վնասը։

Համաձայն տեղեկատվության, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Միաժամանակ, ՔԿ-ն հերքել է քրեական գործը ոչ ճիշտ որակելու մասին Գասպարյանի փաստաբանի հայտարարությունը։

Ավելին, տեղեկացվել է, որ սեպտեմբերի 25-ին ստացված ապացույցների հիման վրա նախատեսվում է փոփոխել առաջադրված մեղադրանքը և նրան նոր, ավելի ծանր մեղադրանք առաջադրել ՔՕ 179-րդ հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի վատնում :

Նախաքննությունը շարունակվում է։