Բավ է պառակտվել
21-11-2019 16:22

Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծվելու է

1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար կառավարությունն այսօր հատկացրեց 1,5 մլրդ դրամ։ Նրանց բնակարանային խնդիրները լուծվելու են փուլերով։ Սա առաջին փուլի համար հատկացված գումարն է։ Շահառու համարվող ընտանիքները առաջնահերթ կարիքավորներն են, քանի որ բնակվում են սենյակներում, որոնք սեփականատերեր ունեն ու ցանկացած պահի կարող են փողոցում հայտնվել:
Շահառուներին բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն: Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանված է 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:
«2009 թվականից այս նպատակով գումարներ չեն հատկացվել։ Սա առաջին քայլն է։ »,–ասում է Տիգրան Ավինյանը, հավելելով, որ հանդիպել է այդ ընտանիքների ներկայացուցիչներ հետ, նրանք բավականին ծանր պայմաններում են ապրում:
Նշենք, որ 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար նախատեսված բնակարանների գնման վկայագրերի ձեռքբերման համար նախ պետք է դիմում ներկայացվի Միգրացիոն ծառայություն: Վկայագրով բնակարանը ձեռք բերելուց հետո սեփականության իրավունքի գրանցման պահից հաշված` 2 տարվա ընթացքում այն չեն կարող վաճառել, նվիրել, օտարել, վարձակալության տալ կամ գրավադրել (բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ)։
Բնակարանների շուկայական արժեքը հաշվարկվել է Կադաստրի կոմիտեի կողմից ՀՀ անշարժ գույքի շուկայի 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ավան վարչական շրջանում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գների հիման վրա: Մեկ սենյականոց բնակարանը հաշվարկվել է 45 քառ. մետր, երկու սենյականոց բնակարանը` 55 քառ. մետր, երեք սենյականոց բնակարան՝ 65 քառ. մետր և չորս սենյականոց բնակարան` 75 քառ. մետր:

 

Արմինե Գևորգյան