Բավ է պառակտվել
30-04-2020 14:07

Արձակուրդ գնացող զինծառայողների տրանսպորտային ծախսերի գումարը կավելանա

Կառավարության այսօրվա ընդունած որոշումներից մեկով սահմանվեց զինծառայողների կողմից 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար կատարված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափերը:

Այսպիսով, 350-700 կմ մեկնելու և վերադառնալու համար կհատկացվի 10 հազար դրամ, իսկ 700 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար` 20 հազար դրամ։ Կառավարության այս որոշումը վերաբերում է նաև Ոստիկանության զորքերին և ԱԱԾ ծառայողներին։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, թե զինծառայողը, որն իր ծառայությունն անցկացնում էր Մեղրիում ու մշտական բնակության վայրը եղել է Գյումրին, փոխհատուցումը ստացել է մինչև Երևան, Երևանից ավելի փոխհատուցումը չէր ստացվում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Զինված ուժերում իրենք որոշակի հարցումային աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար, թե որոնք են այն հարցերը, որոնք հուզում են զինվորներին։

«Դուրս ենք բերել այդ հարցերը, բոլորը միանգամից չեն լուծվելու, բայց հերթով կլուծվեն», - ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ կորոնավիրուսի պայմաններում այս որոշումը կբարձրացնի զինծառայողների տրամադրությունը։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, թե ժամկետայինների դեպքում որոշումը հասկանալի է ու տրամաբանական։

 

 

Արմինե Գևորգյան